Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

ԵՊԲՀ թանգարանի այցելուների հետաքրքիր և հուզիչ գրառումները՝ հուշամատյանում

ԵՊԲՀ թանգարանի այցելուների հետաքրքիր և հուզիչ գրառումները՝ հուշամատյանում

Բժշկական մայր բուհի կենտրոնական մասնաշենքում տեղակայված Հայաստանի բժշկության պատմության թանգարանը շարունակում է հյուրընկալ դռները բացել այցելուների առաջ:

Թանգարանը ոչ միայն մշակութային վայր է, այլև կրթօջախ: Այն հնարավորություն է տալիս ծանոթանալ բժշկագիտության պատմությանը, տեսնել անվանի գիտնականների ձեռագրերը, անձնական իրերը, բժշկական գործիքները, մասնագիտական շատ ու շատ հետաքրքիր հարցերի պատասխաններ ստանալ:

Հայաստանի բժշկության պատմության թանգարանի ցուցանմուշներին ծանոթանալուց հետո բազմաթիվ հյուրեր իրենց ունեցած տպավորություններով են կիսվում կարծիքների համար նախատեսված տետրում:

«Թանգարանը բացման օրվանից շատ հյուրեր է ունեցել: Անշուշտ, բոլորն էլ տպավորված են, չի եղել որևէ բացասական կարծիք: Կարծիքների մեծ մասն ամփոփված է տետրում, ավաղ, ոչ բոլորն են կարողանում իրենց մտքերը գեղարվեստորեն շարադրել, նկարագրել զգացողությունները, ուստի այդ ամենն ասում են բանավոր: Շատ պատվավոր հյուրեր ենք ունեցել՝  գիտնականներ, մտավորականներ, պաշտոնյաններ, դեսպաններ, տարբեր կազմակերպություններից անդամներ, ինչպես հայ, այնպես էլ արտերկրից ժամանած:  Մեզ մոտ եղել են անհատներ, որոնք որպես անձնավորություն, մարդ, իրենցից մեծ արժեք են ներկայացրել: Ջերմ և անկեղծ են եղել բոլոր կարծիքները, գրառումները», – նշեց թանգարանի ղեկավար Նարինե Ղազարյանը՝ խոսելով այցելությունների և տպավորությունների մասին:

Նրա խոսքով՝ թանգարանը սփոփիչ դեր ունի շատերի համար, հատկապես բժշկական մայր բուհը վաղուց ավարտած շրջանավարտների համար:

«Հոգսաշատ, բազմազբաղ ժամանակներում ենք ապրում, մարդիկ փնտրում են մի բան, որն իրենց կուրախացնի: Սփոփիչ դեր ունի թանգարանը հատկապես բժշկական բուհի շրջանավարտների համար, այն շրջանավարտների, որոնք 80 անց մարդիկ են: Մեզ մոտ եկել էին ամուսիններ՝ 1967 թվականի շրջանավարտներ, որոնք այնքան ոգեշնչված և ուրախ էին, այդ մարդիկ երկար շրջեցին թանգարանով, կարծես 20 տարեկան երիտասարդներ լինեին: Երբ գալիս են այստեղ, նրանք վերադառնում են իրենց ակունքներին, նորից վերապրում այն քաղցր զգացողությունները, որոնք ունեցել են այստեղ», – հուզմունքով հավելեց թանգարանի ղեկավարը՝ ընթերցելով հետաքրքիր, տպավորիչ գրառումները:

Ստորև ձեզ ենք ներկայացնում մի քանի գրառումներ հուշամատյանից: