ԵՊԲՀ-ում անցկացվեց արթրիտների թեմայով դասախոսություն-քննարկում

ԵՊԲՀ-ում անցկացվեց արթրիտների թեմայով դասախոսություն-քննարկում

Հոկտեմբերի 12-ը արթրիտի դեմ պայքարի համաշխարհային օրն է:

ԵՊԲՀ Ուսանողական խորհրդարանի ուսումնամեթոդական հանձնաժողովը և Ռևմատոլոգիայի ամբիոնը արթրիտի դեմ պայքարի համաշխարհային օրվա շրջանակում անցկացրին ինտերակտիվ դասախոսություն-քննարկում արթրիտների վերաբերյալ: Դասախոսություններով հանդես եկան Ռևմատոլոգիայի ամբիոնի ասիստենտներ Լիլիթ Սևոյանը և Սյուզաննա Բազեյանը։

«Արթրիտների ախտորոշման մարտավարությունը ռևմատոլոգիայում» խորագրով զեկույցի ընթացքում Լիլիթ Սևոյանն անդրադարձավ բժշկության ոլորտներից մեկի՝ ռևմատոլոգիայի սահմանմանը, առանձնացրեց ռևմատիկ հիվանդությունների տեսակները։ «Մոտ 60-90 միլիոն մարդ աշխարհում տառապում է ոսկրամկանային հիվանդություններով», – ընդգծեց ասիստենտը։

Խոսելով ռևմատոլոգիական հիվանդության ախտորոշման երկքայլ մոտեցման մասին՝ Լիլիթ Սևոյանը նշեց, որ առաջին քայլն իրենից ներկայացնում է հիմնական ախտանիշների, իսկ երկրորդը՝ կոնկրետ հիվանդության հայտնաբերումը։

Սյուզաննա Բազեյանը հանդես եկավ «Արթրիտը՝ որպես հիվանդության դեբյուտ» վերտառությամբ զեկույցով՝ անդրադառնալով արթրիտների ընդհանուր բնութագրին և դրանց տեսակներին։