Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

ԵՊԲՀ-ում անցկացվեց Գիտական խորհրդի նիստ

Բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը գիտական խորհրդի անդամներին ներկայացրեց բուհի կողմից կյանքի կոչված կարևոր ծրագրերն ու նախաձեռնությունները՝ ուսումնական, գիտական, կլինիկական, միջազգային ուղղություններով:

«Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված այս ուսումնական տարվա անդրանիկ նիստն է: Տևական ժամանակահատված է բուհական խնդիրներն ու հարցերը, կարևոր իրադարձությունները Գիտական խորհրդի անդամները քննարկել են առցանց ձևաչափով»,- ասաց բժշկական համալսարանի ղեկավարը։
Նա շնորհակալություն հայտնեց գործին նվիրված բոլոր համալսարանականներին, որոնք ամենօրյա աշխատանքի շնորհիվ, համավարակի, պատերազմի արհավիրքներում բարձր արհեստավարժությամբ կատարել են իրենց աշխատանքը։ Ապահովելով ամուր թիկունք՝ վերակենդանացման բաժանմունքներում բուժաշխատողների կյանքեր փրկելու առաքելությունը շարունակվում է:

Նշվեց, որ համալսարանական հիվանդանոցներում, համալսարանի տարածքում կատարվել են լայնածավալ շինարարարական, առկա անբարեկարգ տարածքների վերանորոգման աշխատանքներ:

«Այն փոխությունները, որոնք տեղի են ունեցել արտաքին և ներքին հատվածներում շոշափելի են և տեսանելի»,- շեշտեց Արմեն Մուրադյանը:
Մասնավորապես նշենք, որ ավարտին են մոտենում կենտրոնական մասնաշենքի առաջին հարկում տեղակայված հիմնանորոգված թանգարանի շինարարական աշխատանքները: Վերանորոգման աշխատանքներ են կատարվել նաև Լաբորատոր մասնաշենքում:

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում նույնպես լայնածավալ շինարարական աշխատանք է իրականացվել: Հաշվի առնելով կորոնավիրուսով վարակվածության թվերի աճը, վերակենդանացման բաժանմունքների ծանրաբեռնված աշխատանքները՝ համալսարանական հիվանդանոցում մարտից գործում է առանձին մուտքով, շուրջ 140 մահճակալից բաղկացած առանձնացված մասնաշենք, որտեղ բուժսպասարկում է տրամադրվում COVID-ով վարակված հիվանդներին:
Անդրադարձ կատարվեց նաև ԵՊԲՀ-ում իրականացվող դրամաշնորհային ծրագրերին, գիտական հաջողություններին:

Բուհում ընթացիկ տարվա սկզբին մեկնարկել են «Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնի» շինարարական աշխատանքները։ Կենտրոնը շուտով իր դռները կբացի հանրության առաջ: Այն կառուցվում է Համաշխարհային բանկի և ԵՊԲՀ աջակցությամբ՝ «Կրթության բարելավում» ծրագրի Նորարարությունների մրցակցային հիմնադրամի երկրորդ հիմնական շրջափուլով ՀՀ ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի հետ իրականացվող համանուն ծրագրի շրջանակում:

Բուհի ղեկավարն ընդգծեց, որ ավելացել է օտարերկրացի ուսանողերի թիվը՝ հասնելով ավելի քան 2000-ի։ Ընդլայնվել է համագործակցությունն արտերկրի հեղինակավոր համալսարանների հետ: Աշխարհի 34 երկրից օտարերկրացի ապագա բժիշկները կրթություն կստանան ԵՊԲՀ-ում: Նրանց կեցության և ուսումնառության հետ կապված հարցերը շարունակում են մնալ բուհի ղեկավարության օրակարգում:
Գիտական խորհուրդը հաստատեց ԵՊԲՀ ընդհանուր բժշկության, ստոմատոլոգիական և դեղագիտական ֆակուլտետների 2021-2022 ուսումնական տարվա 5-րդ և 6-րդ կուրսերի անվանական տասը կրթաթոշակառուների թեկնածությունը:

Արմեն Մուրադյանը շնորհավորելով անվանական կրթաթոշակառուներին՝ ընդգծեց, որ նրանք պետք է օրինակելի լինեն ապագա բժիշկների համար:
Նշենք, որ ղեկավարվելով ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 8-ի թիվ 1448-Ն որոշման 9-րդ կետով և հիմք ընդունելով «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի կանոնադրության 25-րդ կետը՝ Գիտական խորհուրդը սահմանված կարգով համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմից ընտրեց ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի անդամներ:

Նիստի ավարտին ԵՊԲՀ ռեկտորը հայտարարեց, որ այս տարվա շրջանավարտներն առաջիկայում անցկացվող Գիտական խորհրդի հանդիսավոր նիստում կտան բժշկի երդում: Նա հավելեց, որ տոնական միջոցառումներ չեն նախատեսվում: