Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

ԵՊԲՀ-ում անցկացվեց Ստոմատոլոգների միջազգային ակադեմիայի անդամակցության արարողություն

ԵՊԲՀ ստոմատոլոգիական ֆակուլտետի 60-ամյակին նվիրված Ստոմատոլոգների միջազգային վեհաժողովի շրջանակում բժշկական բուհում կայացավ Ստոմատոլոգների միջազգային ակադեմիայի (ՍՄԱ) ժողովը՝ մեկ հարկի տակ համախմբելով աշխարհի տարբեր անկյուններից ժամանած բժիշկ-ստոմատոլոգների:

Ստոմատոլոգների միջազգային ակադեմիայի Արևելաեվրոպական հատվածի ռեգենտ Բեդրոս Յավրու Սակուկը ողջունեց ՍՄԱ անդամ Արևելաեվրոպական պետությունների ներկայացուցիչներին։ «Վստահ եմ՝ սա կլինի հիշարժան առիթ», – նշեց նա։

ՍՄԱ նախագահ Գերհարդ Կոնրադ Սիբերգերը հիշեցրեց, որ սա առաջին անգամը չէ, որ Ստոմատոլոգների միջազգային ակադեմիան հյուրընկալվում է Հայաստանի մայրաքաղաք Երևանում` տարածելու կառույցի գաղափարները, կիսվելու գիտելիքով և ծառայելու մարդկանց այս տարածաշրջանում։ ԵՊԲՀ ստոմատոլոգիական ֆակուլտետի 60-ամյակին նվիրված այս միջոցառումը, նրա խոսքով, լայն հնարավորություններ է ընձեռում շարունակական համագործակցության համար։

Այնուհետև տեղի ունեցավ Ստոմատոլոգների միջազգային ակադեմիայի անդամակցության արարողությունը: Աշխարհի տարբեր երկրներից թվով 9 բժիշկ-ստոմատոլոգ հանդիպման շրջանակում դարձան ակադեմիայի անդամներ:

Նշենք, որ հոկտեմբերի 14-ին կմեկնարկի «Արդի խնդիրները ստոմատոլոգիայում և դիմածնոտային վիրաբուժությունում» խորագրով միջազգային վեհաժողով՝ նվիրված ստոմատոլոգիական ֆակուլտետի 60-ամյակին, որի ընթացքում աշխարհի տարբեր անկյուններից ժամանած մասնագետները հայ գործընկերների հետ կքննարկեն ստոմատոլոգիայի ոլորտի արդի խնդիրները, համատեղ կմշակեն դրանց լուծման բանաձևերը, ոլորտում առկա վերջին նվաճումներին: Ելույթներով հանդես կգան Հայաստանի, ինչպես նաև արտերկրից ժամանած գիտնականներ և հյուրեր: