2025 թվականի հոկտեմբերի 18-20-ը Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողներն ու կլինիկական օրդինատուրները մասնակցել են EAPS 2025 (European Academy of Paediatrics Society) միջազգային հեղինակավոր կոնֆերանսին, որը կայացել է Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում։
EAPS-ը մանկաբուժության և նեոնատոլոգիայի ոլորտի ամենախոշոր և ազդեցիկ գիտաժողովներից է, որը միավորում է տարբեր երկրների առաջատար մասնագետներին և երիտասարդ հետազոտողներին՝ գիտական փորձի փոխանակման, նոր գիտելիքների ձեռքբերման և համագործակցության նպատակով։
Կոնֆերանսի ընթացքում ապագա բժիշկները ներկայացրել են մի շարք հետազոտական աշխատանքներ, որոնք իրականացվել են «Մանկաբուժության դպրոցի», «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի ինֆեկցիոն հիվանդությունների կլինիկայի ղեկավար, դասախոս Հռիփսիմե Ապրեսյանի անմիջական ղեկավարությամբ։
Ներկայացված հետազոտությունները վերաբերում էին մանկաբուժության արդի խնդիրներին՝ ընդգրկելով տարբեր թեմաներ, որոնք ուղղված են կլինիկական փորձի ամփոփմանը, տվյալների վերլուծությանը և առողջապահական գործընթացների կատարելագործմանը։
Մանկաբուժության նորաստեղծ, բայց հստակ քայլերով առաջ ընթացող համալսարանական դպրոցի շրջանակում այս մասնակցությունը կարևոր հնարավորություն էր սովորողների համար՝ հանդես գալու միջազգային գիտական հարթակում, ներկայացնելու համալսարանի գիտական ներուժը և խորացնելու համագործակցությունը աշխարհի առաջատար մանկաբույժների և հետազոտողների հետ։