Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Երեք հոբելյան «Ստոմատոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժության արդի խնդիրները» միջազգային համաժողովում

Երեք հոբելյան «Ստոմատոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժության արդի խնդիրները» միջազգային համաժողովում

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Ստոմատոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժության արդի խնդիրները» խորագրով միջազգային հավաստագրված համաժողովը, որը նվիրված է Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիայի 30 և պրոֆեսոր Վալերի Տատինցյանի 85, ինչպես նաև Ստոմատոլոգների միջազգային ֆեդերացիային (FDI) և Եվրոպական ռեգիոնալ կազմակերպությանը (ERO/FDI) անդամակցելու 25- ամյակներին:

Բժշկական բուհի և Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիայի համատեղ նախաձեռնությամբ հոկտեմբերի 16-18-ը նախատեսված միջոցառմանը մասնակցում են միջազգային ճանաչում ունեցող մասնագետներ ԱՄՆ-ից, Իտալիայից, Իսրայելից, Վրաստանից, Ղազախստանից, Ռուսաստանի, Իրանից, Հնդկաստանից, Ավստրալիայից և Հայաստանից:

Համագումարի մասնակիցներին ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանի ուղերձը ընթերցեց Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Լարիսա Ավետիսյանը:

«Հարգելի գործընկերներ, շնորհավորում եմ Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիային մասնագիտական գործունեության երրորդ տասնամյակի առթիվ:  Երևանի պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիական  ֆակուլտետի հետ ասոցիացիայի կողմից համատեղ կազմակերպվող գիտաժողովները միանշանակ նպաստում են ոլորտի նորարարական գաղափարների տարածմանը և կրթության ու գիտության միջազգային չափանիշներին, պահանջներին համահունչ բարելավման գործընթացների ապահովմանը:  Ուրախ եմ, որ հենց մեր բուհի  շրջանավարտներն ու դասախոսներն են ասոցիացիայի աշխատանքներում ներգրավված ակտիվ մասնակիցները: Կարևորում եմ, որ այսօր ասոցիացիայի 30-ամյակին նվիրված գիտաժողովին իր ակտիվ մասնակցությունն է  բերել նաև Հայաստանում ստոմատոլոգիայի զարգացման գործում լավագույն ավանդույթների ձևավորման ակունքներում կանգնած, իր հոբելյանական  տարեդարձը նշող պրոֆեսոր Վալերի Գուրգենի Տատինցյանը, ում  աշխատանքային  հետագիծը բնութագրվում է հարյուրավոր ուսանողների, օրդինատորների, տասնյակ գիտությունների թեկնածուների և դոկտորների պատրաստման ցուցանիշներով: Շնորհավորում ենք Ձեզ, հարգարժան պրոֆեսոր, և մաղթում առողջություն ու մանկավարժական գործունեության շարունակականություն: Վստահ ենք, որ գիտաժողովը կընթանա նորարարությունների, քննարկումների, փորձի  փոխանակման ներկայացումների բարձր արդյունավետությամբ և նոր մարտահրավերների հաղթահարման գործիքների ու նախագծերի առաջարկությունների մշակմամբ», – պրոֆեսոր Ավետիսյանի փոխանցմամբ` նշված էր շնորհավորական տեքստում` եզրափակիչ հատվածում եռօրյա միջոցառման աշխատանքներին մաղթելով բարի ընթացք:

ԵՊԲՀ պատվավոր դոկտոր, Իտալիայի ստոմատոլոգների ասոցիացիայի նախագահ, Ստոմատոլոգների համաշխարհային կազմակերպության (WSO) ընտրված նախագահ Գերհարդ Սիբերգերը ևս ողջունեց մասնակիցներին.

«Մեծ պատիվ է ձեզ հետ նշել Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիայի 30 և  պրոֆեսոր Վալերի Տատինցյանի 85-ամյակը: Սրտանց շնորհակալ եմ ԵՊԲՀ ռեկտոր և այս միջազգային համաժողովի պատվավոր նախագահ, պրոֆեսոր Արմեն Մուրադյանին, Ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկան և Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիայի նախագահ Լազար Եսայանին ինձ այս պատմական իրադարձությանը հրավիրելու համար: Շնորհավորում եմ նաև հագեցած ծրագրի համար, որի շրջանակում 3 մայրցամաքից և 12 երկրից ժամանած ականավոր զեկուցողներ կանդրադառնան ստոմատոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժության արդիական հարցերին»:

Երեսուն և ութսունհինգ տարիները, նրա խոսքով, երկու կարևոր հանգրվաններ են ինչպես անհատի, այնպես էլ ասոցիացիայի պատմության մեջ: «Մեր կուտակած փորձով մենք պատրաստ ենք գերիշխող դիրք զբաղեցնել մասնագիտական աշխարհում` միաժամանակ ձգտելով համընթաց քայլել փոփոխություններին, զարգացումներին և նորարարություններին, որոնք միշտ չէ, որ կարող են մրցակցել փորձվածի և իրականի հետ: Մենք խրախուսում ենք նաև մեր ապագա գործընկերներին, մեր ուսանողներին միշտ զգոն մնալ, երբ խոսքը վերաբերում է հիվանդությունների կանխարգելման և բուժման բարելավմանը», – շեշտեց Գերհարդ Սիբերգերը` իր հայրենի սարդինյան ձևով մաղթելով նորանոր ձեռքբերումներ մասնագիտական ոլորտում` «A kent’annos!», որը նշանակում է մինչև 100 տարի:

Ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկան, Թերապևտիկ ստոմատոլոգիայի ամբիոնի վարիչ, Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիայի նախագահ Լազար Եսայանն իր ելույթում հետահայաց հիշեց 1995 թվականը, երբ  մի խումբ նվիրյալների կողմից մեր երկրում ստեղծվեց Ստոմատոլոգների ասոցիացիան: Նա անուն առ անուն  հիշեց ասոցիացիան հիմնադրման տարեթվից մինչև այժմ ասոցիացիան ղեկավարած բոլոր մասնագետներին:

«Հայաստանի ստոմատոլոգների 30-ամյա պատմությամբ ասոցիացիան  գործունեությամբ եղել է և կա ստոմատոլոգիայի ոլորտում բժշկական կրթության, գիտության և արագ զարգացող համաշխարհային նվաճումներին ուղղված բաց պատուհան:  Այն ուղղված է  նաև այդ ահռելի փորձի` դեպի Հայաստան ներկրմանը և տեղայնացմանը», – ընդգծեց պրոֆեսոր Եսայանը:

2000 թվականից Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիան անդամագրվելու դիմում է ներկայացրել Ստոմատոլոգների միջազգային ֆեդերացիային (FDI) և Եվրոպական ռեգիոնալ կազմակերպությանը (ERO/FDI).

 «Փաստացի այսօր մենք հոբելյանական երեք միջոցառում ունենք: Երիցս  վստահությամբ փաստում ենք,  որ միջազգային այս ձեռքբերումներում արժևորման զգալի կարևորությամբ իրենց ներդրումն ունեն մեր հայրենակից գործընկերները, որոնք իրենց անխոնջ պատրաստակամությունն են բերում Հայաստանում ստոմատոլոգիայի զարգացմանը», – ընդգծեց Լազար Եսայանը:

 Ի թիվս մասնագիտական այս կառույցի գործունեության` նա կարևոր համարեց  ստոմատոլոգիայում երախտավորներին գնահատելն ու մեծարելը:

Այսօրվա հոբելյանական միջոցառման առանցքում էր գիտաբժշկական,  ուսումնամեթոդական, բազմամյա փորձառությամբ բժիշկ-գիտնականի` ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, բժշկական գիտությունների դոկտոր, Թերապևտիկ ստոմատոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր Վալերի Տատինցյանի խոսուն հոբելյանը:

Լազար  Եսայանը, հոկտեմբերի 17-ին 85-ամյա հոբելյանը նշող ավագ կոլեգային մաղթելով ամրակուռ առողջություն և երկար տարիների կյանք, հավաստեց, որ անվանի պրոֆեսորը տասնամյակներ շարունակ անմնացորդ նվիրումով և ջանքերով վաստակ է ներդրել ստոմատոլոգիական կադրերի պատրաստման, գիտության բնագավառում շարունակական  ձեռքբերումներին:

Ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկանի տեղակալ, դասախոս  Աննա Ավետիսյանին էր վստահվել ուսուցչի կենսագրությունը ներկայացնելու պատասխանատվությունը, որը նա կատարեց հայերենի գեղեցիկ մատուցմամբ ու մեծ ջերմությամբ: Դրվատանքի բոլոր խոսքերին միանալով և իր հարգանքն արտահայտելով` նա շնորհակալություն հայտնեց ընձեռված հնարավորության համար:

Հարուստ մասնագիտական ուղին ամբողջապես մի քանի րոպեում ներկայացնելը հեշտ գործ չէ, սակայն բոլոր տարիներին ու զբաղեցրած տարբեր պաշտոններում Վալերի Տատինցյանն իր արժեքավոր նպաստն է  բերել ստոմատոլոգիայի առաջընթացին, նորագույն մեթոդների ներդրմանը, սաներ կրթելուն:

25 թեկնածուական, 7 դոկտորական  ատենախոսություն, 300-ից ավելի գիտական հրապարակումներ, 30 ուսումնական ու գործնական ձեռնարկ. այն գիտամանկավարժական ձեռքբերումներն են, որոնք հստակ թվագրված են անվանի մասնագետի անցած ճանապարհին:

Բեմում կրստեր կոլեգաների, արտերկրի հյուրերի, ուսանողների ծափահարությունները վայելելով` ՀՀ գիտության վաստակավոր գործիչը պատմեց, որ տասնամյակներ առաջ` 1978 թվականին, հայրենիքում աշխատելու և ստացած գիտելիքն ու փորձը մեր երկրում ներդնելու առաջարկ իրեն արել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի այդ ժամանակվա ռեկտոր, պրոֆեսոր Վիլեն Աստվածատրյանը. «Այդ շրջանում աշխատում էի իմ դոկտորական ատենախոսության վրա։ Ինձ կանչեց ԽՍՀՄ առողջապահության նախարարության գլխավոր մասնագետը՝ Լիլյա Պավլովնա Բելոկուրովան` ասելով, որ Երևանից Մոսկվա է ժամանել այդ ժամանակ ինստիտուտի ռեկտոր Վիլեն Արմենակովիչը և առաջարկում է ինձ մասնագիտական գործունեությունը շարունակել այնտեղ», – ասաց  Վալերի Տատինցյանը` նախքան բեմից հնչած խոսքը սկսելը շեշտելով, որ ասելու շատ բան ունի:

«Մարդ, որ երկար է ապրում, այնքան հիշողություններ է ունենում», – նշեց նա`   առաջին հերթին, ավագներին հարգելու համար շնորհակալություն հայտնելով կազմակերպիչներին` ի դեմս ռեկտորի, դեկանի, ադմինիստրացիայի:

Բժշկական բուհի այցելու պրոֆեսոր, Ստոմատոլոգների համաշխարհային կազմակերպության (WSO) փոխնախագահ Բեդրոս Յավրու Սակուկը, ներկաներին հղելով իր ողջույնի խոսքը, ասաց.

«Մեծ երջանկություն է Հայաստանում ձեզ հետ այսօր այս միջոցառմանը ներկա գտնվելը»: Հակիրճ ներկայացնելով   Ստոմատոլոգների համաշխարհային կազմակերպության (World Stomatological Organization) ստեղծման պատմությունը և որդեգրված նպատակները` նա հայտարարեց Ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկան, Թերապևտիկ ստոմատոլոգիայի ամբիոնի վարիչ, Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիայի նախագահ Լազար Եսայանին կազմակերպության պատվավոր անդամի կարգավիճակ շնորհելու որոշման մասին` ի ճանաչումն ստոմատոլոգիայի ոլորտում նրա մեծ ներդրման, ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում:

Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիայի ոսկե մեդալներով և շնորհակալագրերով պարգևատրվեցին Վալերի Տատինցյանը, Գերհարդ Սիբերգերը, Բեդրոս Յավրու Սակուկը և մի շարք այլ անվանի մասնագետներ, որոնք զգալի վաստակ ունեն ոլորտում:

«Ստոմատոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժության արդի խնդիրները» խորագրով միջազգային համաժողովը կշարունակի աշխատանքները վաղը` հոկտեմբերի 17-ին. զեկույցներով հանդես կգան ոլորտի` տարբեր երկրներից և Հայաստանից ժամանած առաջատարները: