Երիտասարդ թոքաբանը՝ Ռոտերդամում՝ հազվադեպ հանդիպող թոքային հիվանդությունների ուսումնասիրման կենտրոնում 

Երիտասարդ թոքաբանը՝ Ռոտերդամում՝ հազվադեպ հանդիպող թոքային հիվանդությունների ուսումնասիրման կենտրոնում 

Ներքին հիվանդությունների (պուլմոնոլոգիա և նեֆրոլոգիա) ամբիոնի կլինիկական օրդինատոր կլինիկական օրդինատոր, այժմ արդեն թոքաբան Շահանե Հակոբյանը սեպտեմբերի 8-12-ը մասնակցել է Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում՝ Erasmus University Medical Center-ում կազմակերպված ERN-LUNG Academy մեկշաբաթյա ծրագրին։

Ծրագիրն ընդգրկում էր հազվադեպ հանդիպող թոքային հիվանդությունների ճանաչման և ժամանակակից բուժման մեթոդների ուսումնասիրման տարբեր ձևաչափեր․

  • Բաժանմունքային այցեր և պացիենտների գնահատում
  • Ամբուլատոր ընդունելություններ և կլինիկական քննարկումներ
  • Մուլտիդիսցիպլինար քննարկումներ՝ թոքերի ինտերստիցիալ հիվանդությունների, թոքային հիպերտենզիայի և սարկոիդոզի վերաբերյալ
  • Էնդոսկոպիկ հետազոտություններ և նավիգացիոն բրոնխոսկոպիա

Միջոցառման ընթացքում Շահանե Հակոբյանը հնարավորություն է ունեցել ծանոթանալու միջազգային առաջատար փորձին, մասնակցելու շնչառական ֆունկցիոնալ թեստերին, դիտելու և ուսումնասիրելու նավիգացիոն բրոնխոսկոպիայի իրականացման ընթացքը։

Երիտասարդ մասնագետը ընդգծում է, որ ստացած գիտելիքն ու հմտությունները մեծապես կնպաստեն Հայաստանում թոքային հիվանդությունների ժամանակակից կառավարման և բուժման գործընթացներում։

«Որպես թոքաբան Հայաստանից՝ Եվրոպայի առաջատար հիվանդանոցներից մեկում գտնվելը միաժամանակ և՛ մեծ փորձություն էր, և՛ եզակի հնարավորություն։ Այս ակադեմիան հնարավորություն տվեց խորացնել գիտելիքները, կիսվել գաղափարներով և կապ հաստատել Եվրոպայի տարբեր երկրների ներշնչող մասնագետների հետ։

Այս փորձը ոչ միայն գիտելիքի և հմտությունների զարգացում էր, այլև շարունակական համագործակցության ու թոքաբանության զարգացման նոր հեռանկարների սկիզբ»,-ասում է Շահանեն: