ԵՊԲՀ գիտելիքի և տեխնոլոգիաների փոխանցման գրասենյակի և էթիկական կոմիտեի նախաձեռնությամբ «ՔՈԲՐԵՅՆ» կոնտրոնում անցկացվեց «Էթիկան ակադեմիական և կլինիկական հետազոտություններում» թեմայով միջոցառումը, որի շրջանակում անդրադարձ կատարվեց մի շարք կարևոր հարցերի:
Միջոցառման նպատակն էր նպաստել էթիկական շրջանակների ավելի խորը ըմբռնմանը: Այն լայն հնարավորություն էր մասնակցելու ակադեմիական և կլինիկական հետազոտությունների ժամանակ ծագող էթիկական տարբեր հարցերի քննարկմանը ոլորտի մասնագետի հետ:
«Էթիկական մարտահրավերները կլինիկական փորձարկումներում» և «Ռիսկ-օգուտի վերլուծություն կլինիկական փորձարկումներում» թեմային անդրադարձավ ONCORD, Inc.-ի հիմնադիր նախագահ, ԵՊԲՀ այցելու գիտնական, բժիշկ Սյուզան Ջերիանը, ում հետ բուհի համագործակցությունը տարիների փորձ ունի:
Որպես փորձագետ նա իր խորհուրդներով աջակցում է «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնի գիտելիքի և տեխնոլոգիաների փոխանցման գրասենյակին բուհում կլինիկական հետազոտությունների համակարգման և զարգացման ուղղությամբ մշակվող գործողությունների պլանի ստեղծման աշխատանքներին, ակտիվորեն ներգրավվում է տարբեր գործընթացների, մասնավորապես նոր կրթական ծրագրերի մշակմանը:
Սյուզան Ջերիանը խոսելով կլինիկական հետազոտությունների ընթացքում էթիկական կարևոր կետերի վերաբերյալ՝ մասնակիցների հետ քննարկեց նաև ժամանակակից զարգացող գիտական աշխարհում պացիենտների իրավունքների պահպանման և առողջության բարելավման նպատակով հետազոտողներին անհրաժեշտ որակների և հմտությունների մասին:
Քննարկումները տարբեր թեմաների շուրջ բժշկական տանիքի ներքո շարունակական են: