Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Գերազանց առաջադիմությամբ շրջանավարտը բժիշկ դառնալու երազանքը վերածել է նպատակի

Գերազանց առաջադիմությամբ շրջանավարտը բժիշկ դառնալու երազանքը վերածել է նպատակի

Ապագա մասնագիտական գործունեության հիմնասյունը բուհում ստացած գիտելիքներն են, որոնք ձեռք բերելու համար բժշկական համալսարանի սովորողները ջանք ու եռանդ չեն խնայում ուսումնառության առաջին 6 տարիների ընթացքում: ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի գերազանց առաջադիմությամբ շրջանավարտ, անվանական կրթաթոշակի արժանացած Իլոնա Մուշեղյանն այն սովորողներից է, որը փոքր տարիքից բժշկի մասնագիտության հանդեպ հետաքրքրությունը վերածել է երազանքի, իսկ երազանքը` նպատակի։ «Իմ ողջ գիտակցական կյանքում երբևէ չեմ պատկերացրել ինձ այլ ոլորտում։ Ընտանիքում բժիշկներ չունենք: Մի տատիկս բուժքույր էր, մյուսը` կենսաքիմիկոս: Երկուսն էլ շատ էին հետաքրքրվում բժշկությամբ, կարդում բժշկական գրականություն։ Տան գրադարանը միշտ լի է եղել տարբեր բժշկական գրքերով։ Եվ ես, թեև այն ժամանակ քիչ բան էի հասկանում, վաղ դպրոցական տարիքում մանկական գրքերը թողած վերցնում էի այդ բժշկական գրքերը և ուսումնասիրում»,-նշում է ԵՊԲՀ շրջանավարտը։

Իլոնա Մուշեղյանը ավագ դասարաններում սովորել է Երևանի Գևորգ Էմինի անվան թիվ 182 ավագ դպրոցի բնագիտական հոսքում։ Դպրոցական տարիներին ակտիվորեն մասնակցել տարբեր առարկայական օլիմպիադաների` կենսաբանություն, քիմիա, ռուսաց լեզու (2012թ. հանրապետական օլիմպիադայի եզրափակիչ փուլում արժանացել է առաջին կարգի դիպլոմի), մաթեմատիկա առարկաներից։ «Այս չորսն իմ ամենասիրած առարկաներն էին, ինչում մեծ ներդրում են ունեցել հիմնական և ավագ դպրոցի ուսուցիչներս»,- ընդգծում է նա:

ԵՊԲՀ ընդունվելուց հետո նոր միջավայրը միանգամից հարազատ է դարձել նրա համար: Համալսարնում ուսանելու տարիներին համակուրսեցիների և դասախոսների շրջանում ձեռք է բերել շատ մտերիմ ընկերներ։

Խոսելով գերազանց առաջադիմությամբ սովորելու և կարմիր դիպլոմով բուհն ավարտելու մասին՝ ընդգծում է, որ մոտիվացված լինելու համար պետք է ճիշտ տնօրինել ժամանակն ու ակտիվ լինել նաև ակադեմիական ոլորտից դուրս՝ ուսանողական տարիներից վառ հիշողություններ ունենալու համար։

Բժշկի մասնագիտական կոչմանն արժանացած շրջանավարտն այժմ Մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի ուռուցքաբանություն մասնագիտությամբ 1-ին կուրսի օրդինատոր է: «Ուռուցքաբանության հանդեպ սերն իմ մեջ ծագել է դեռևս ախտաբանական անատոմիայի և ախտաֆիզիոլոգիայի դասերին, իսկ ուռուցքաբանությունը որպես կլինիկական առարկա անցնելուց հետո այդ սերը տասնապատկվեց»,- ասում է ապագա ուռուցքաբանը՝ ավելացնելով, որ իր ընտրած ոլորտը պահանջում է անմնացորդ նվիրում, բարձր պատասխանատվության զգացում, անկոտրում հավատք և հիվանդության նետած մարտահրավերներին մշտապես նոր լուծումներ փնտրելու ձգտում։