Հաստատակամությունն ու ինքն իրեն գերազանցելու ձգտումն Ընդհանուր բժշկության ֆակուլտետի շրջանավարտ Անահիտ Սեփխանյանին օգնել են սովորել ու բուհն ավարտել գերազանց առաջադիմությամբ: Դեռ փոքր տարիքից համարել է, որ բժիշկներն առանձնահատուկ մարդիկ են, որոնք «հրաշքներ» են գործում, և ապագայում իրեն տեսել է որպես այս մասնագիտության կրող: «Շատ հետաքրքրասեր էի և մտածում էի, որ բժշկության մեջ անընդհատ նորույթ կա և դա սովորելու անհրաժեշտություն»,-ասում է նա՝ համոզմունք հայտնելով, որ բժշկությունը «հոգու մասնագիտություն» է:
Բժշկական բուհի շրջանավարտը նշում է՝ սովորելու ընթացքում դժվարությունների հետ բախվել է, սակայն հենց դրանք են իրեն դարձրել ավելի ուժեղ, օգնել ճանաչել ու հասկանալ ինքն իրեն, և վերհաստատել, որ պատրաստ է կրել իր ընտրության պատասխանատվությունը: «Բժշկականում ուսանողական տարիները, թերևս, իմ կյանքի լավագույն տարիներն էին: Այնքա՜ն շատ են ձեռքբերումներս. լավագույն ընկերներ, որոնք դարձան ինձ համար ընտանիք, լավագույն ու պրոֆեսիոնալ դասախոսներ, և գիտելիքներ, որոնք ձեռք եմ բերել հենց այստեղ»,-շեշտում է նա՝ հավելելով, որ ԵՊԲՀ-ն անփոխարինելի դեր է ունեցել իր անձի կայացման հարցում՝ իրեն դարձնելով ավելի շրջահայաց և նպատակասլաց:
Անահիտ Սեփխանյանն այժմ ԵՊԲՀ մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի «Մանկաբարձության և գինեկոլոգիայի» ամբիոնի կլինիկական օրդինատոր է: Ապագայում մտադիր է մասնագիտանալ ռեպրոդուկտոլոգիայի բնագավառում: «Այստեղ եմ տեսնում այն «արարող հրաշքը», ինչն ուղղորդեց ինձ»,-ավելացնում է նա՝ բժիշկ դառնալու երազանքը կրողներին խուրհուրդ տալով երբեք չհուսահատվել, չընկրկել, հավատալ ուժերին ու երազանքին, կյանքի կոչել դրանք և միշտ հիշել՝ հաջողությունը սիրում և ընտրում է պայքարողներին:
Ապագա մանկաբարձ-գինեկոլոգը հետաքրքվում է նաև գիտությամբ՝ հատկապես քիմիայով: Հնարավորության դեպքում կփորձի իր ներդրումն ունենալ գիտության այն տեսակի զարգացման գործում: Կարծում է՝ բժշկության առաջընթացն անկասկած պայմանավորված է գիտության նորանոր ձեռքբերումներով: «Իմ երազանքն է այդ առաջընթացը տեսնել իմ հայրենիքում և հատկապես իմ ծննդավայր Վանաձորում»,-ընդգծում է ԵՊԲՀ շրջանավարտը և նշում, որ օրդինատուրայում 4 տարի սովորելուց հետո մտադիր է մասնագիտանալ որպես ռեպրոդուկտոլոգ՝ զբաղվել արտամարմնային բեղմնավորմամբ:
Բժշկական բուհը գերազանց առաջադիմությամբ ավարտած սովորողը մտադիր է բժշկության մեջ իր ճանապարհին երբեք չկորցնել հավատը՝ վստահությամբ, որ այն, ինչ անում է այդ պահին, իսկապես իր առաքելությունն է: «Հավատացած եմ, որ միայն այդ հավատն ինձ կմղի առաջ՝ մասնագիտական կայացման ճանապարհին»,-եզրափակում է նա: