Նախորդ շաբաթը «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում գերհագեցած էր գերմանացի մասնագետների աշխատանքային այցով։
Գերմանիայի Աաախենի համալսարանի մանկաբուժության ֆակուլտետի ղեկավար, Մանկաբուժության և դեռահասների բժշկության գերմանական ասոցիացիայի միջազգային համագործակցության բաժնի ներկայացուցիչ, գաստրոէնտերոլոգ և ռևմատոլոգ, պրոֆեսոր Նորբերտ Վագները, ԵՊԲՀ այցելու պրոֆեսոր, մանկական օնկոլոգ Հերիբերտ Յուրգենսը և մանկական թոքաբան, ալերգոլոգ, նեոնատոլոգ, մանկական սրտաբան, պրոֆեսոր Յուրգեն Զայդենբերգն այցելեցին հիվանդանոցի մանկաբուժական բաժանմունքներ։
Վաղ առավոտից նրանք անցկացնում էին խորհրդատվություն ծանր վիճակում գտնվող պացիենտների վերաբերյալ, իսկ օրվա երկրորդ կեսին դասախոսում էին հայ գործընկերների համար տարբեր թեմաների շուրջ։ Գերմանացի առաջատար մասնագետների դասախոսությունները մեծ հետաքրքրություն էին առաջացրել․ դահլիճը լեփ-լեցուն էր, ներկաները խորապես տպավորված էին։ Թեմաներն էին «Դիսֆունկցիոնալ շնչառական խանգարումները երեխաների մոտ» (տեսանյութերով ցուցադրվեցին որոշ կլինիկական օրինակներ), «Վերին և ստորին շնչուղիների խցանումը», «Մանկական ռևմատոլոգիա», «Աղիների իմունային համակարգի խախտում»։
Պատվիրակության այցը հագեցած էր ոչ միայն համալսարանական մասնագետների, այլև կլինիկական օրդինատորների հետ հանդիպումներով։
Հյուրերը ծանոթացան նաև փոքրիկներին փրկելու և ապաքինելու աշխատանքն իրականացնող շուրջօրյա արտագնա վերակենդանացման բրիգադների աշխատանքին:
Նրանց ուղեկցում էին Կլինիկական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Մինասյանը, Միջազգային գործունեության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանը, Միջազգային համագործակցության բաժնի պետ Աննա Ղազարյանը, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Հռիփսիմե Ապրեսյանը։