Ոչ միայն մեր բուհի, այլև երկրի համար հպարտություն է, որ Արյունաբանության և մանկական ուռուցքաբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Գևորգ Թամամյանը, ով նաև Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավարն է, ընտրվել է Մանկական ուռուցքաբանության միջազգային միության ասիական աշխարհամասի (SIOP Asia) նախագահ։
Պատվաբեր այս կարգավիճակը նա համատեղելու է նաև Մանկական ուռուքաբանության միջազգային միության տնօրենների խորհրդի անդամ լինելու հետ: «Մանկական ուռուցքաբանության միջազգային միության ասիական աշխարհամասի (SIOP Asia) նախագահի թեկնածուները երեքն էին, մյուս երկուսը Չինաստանի և Պակիստանի ներկայացուցիչներ էին: Ասիական բոլոր երկրների ներկայացուցիչների կողմից փաստացի ես ընտրվեցի որպես նախագահ, ինչն անշուշտ պարտավորեցնող է ինձ համար»,- մանրամասնում է Գևորգ Թամամյանը, ում մանկական ուռուցքաբանության բնագավառում, չնայած երիտասարդ տարիքին, կատարած մեծ աշխատանքը արժանացել է նաև միջազգային գնահատականի:
Նրա գլխավորությամբ SIOP Asia-ն կշարունակի առաքելությունը․ բարելավել մանկական քաղցկեղ ունեցող երեխաների կյանքի որակն ու բուժման հնարավորությունները ասիական տարածաշրջանում:
Շնորհավորելով համալսարանական մեծ ընտանիքի կողմից՝ մաղթում ենք Ձեզ հանրօգուտ գործունեության շարունակականություն, հաղթանակներ: