Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Գիտական խորհրդի նիստը նշանավորվեց շրջանավարտների երդման արարողությամբ

2021-2022 ուսումնական տարում բժշկական համալասարանն ունի 901 շրջանավարտ, որոնցից 474-ը՝ ընդհանուր բժշկության, 150-ը՝ ստոմատոլոգիական, 39-ը դեղագիտական, 27-ը՝ ռազմաբժշկական և 53-ը՝ հանրային առողջության ֆակուլտետից: ԵՊԲՀ-ն այս տարի ավարտեց 158 օտարերկրացի:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ԵՊԲՀ գիտական խորհրդի նիստում շնորհավորելով շրջանավարտներին բուհն ավարտելու առիթով՝ ընդգծեց, որ պատերազմով և համավարակով պայմանավորված՝ այս տարվա երդման արարողության զուսպ ձևաչափը տրամաբանական է և ողջամիտ:

«Սիրելի շրջանավարտներ, դուք այն սերունդն եք, որը հաղթահարելու է լրջագույն արհավիրքներ, մարտահրավերներ: Դուք լինելու եք քաղցկեղը, վիրուսային հիվանդությունները, մայրական ու մանկական մահացությունը հաղթող սերունդը, որն ապահավելու է ոչ միայն մարդկանց երկարակեցությունը, այլև բարձրացնելու է տարեցների կյանքի որակը: Ձեր մասնագիտական կայացման ընթացքում կլինեն հաղթանակներ, նվաճումներ: Երբեմն չի ստացվի շրջանցել նաև բժշկական պարտությունները, որոնք մեր կյանքի անբաժան մասն են: Դրանք դաս կլինեն ձեզ՝ հետագա հաղթանակները կազմակերպելու համար»,-ասաց բուհի ղեկավարը:

ԵՊԲՀ ռեկտորը հույս հայտնեց, որ շրջանավարտները կկարողանան համալրել համաշխարհային բժշկագիտության զարգացումն ապահովողների շարքերը՝ միանալով մեր երկրում և դրա սահմաններից դուրս հաջողություն գրանցած բժիշկներին, որոնք շարունակում են փառք ու պատիվ բերել բժշկական բուհին:

Արմեն Մուրադյանը շնորհակալություն հայտնեց ԵՊԲՀ դասախոսներին՝ տարիներ շարունակ սերունդների բժշկական կրթությունն ապահովելու համար:

Նա բժշկի կոչմանն արժանացած ուսանողներին խնդրեց, որ ապագա ձեռքբերումներում չկորցնեն մասնագիտության շարժիչ ուժը՝ ճառագող մարդասիրությունը: «Բժիշկը պետք է լույս ու հույս ճառագի՝ երբեք չկիրառելով «անհույս է» արտահայտությունը: Դա է ձեզ ամուր պահելու բժշկության մեջ»,-հորդորեց նա՝ ավելացնելով, որ մարդասիրությունը պետք է լինի նրանց ուղենիշը:

Ընդհանուր բժշկության ֆակուլտետի դեկան Կարինե Բարոյանի խոսքով՝ վերջին շրջանը մեր ժողովրդի համար լի էր ծանր ապրումներով։

«Մեր կյանքը բեկվեց քովիդով և պատերազմով, սովորեցինք պայքարել և հաղթահարել ցավը։ Համավարակով և պատերազմով կոփված իմ սիրելի շրջանավարտներ, խոնարհումով հիշենք մեր հերոսացած հայրենակիցներին․ նրանց մեջ էին նաև մեր բազում ուսանողներն ու շրջանավարտները»,- նշեց դեկանը։

Բարի երթ մաղթելով բժշկական բուհի այս տարվա շրջանավարտներին՝ Կարինե Բարոյանն ապագա բժիշկներին կոչ արեց լինել խորագետ, փրկել կյանքեր, շարունակել բժշկել։

Ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկան Լազար Եսայանը նկատեց, որ, չնայած պատուհասած արհավիրքներին, ԵՊԲՀ-ին հաջողվեց հերթական անգամ շրջանավարտներին բարձր պատվով ճանապարհել դեպի մեծ կյանք։

Դիմելով շրջանավարտներին, որոնք այս ծանր տարում փայլուն հաղթանակով լուծեցին իրենց առջև դրված խնդիրները, Լազար Եսայանը շեշտեց․ «Սիրելի ստոմատոլոգներ, դուք ավարտում եք մի բուհ, որն արդեն 100 տարեկան է և ֆակուլտետ, որն այս տարի տոնում է 60-ամյա հոբելյանը։ Ձեր մասնագիտանալու ճանապարհը հավերժ է»,-ամփոփեց դեկանը՝ շրջանավարտներին կոչ անելով մասնակցել Ստոմատոլոգիական ֆակուլտետի 60-ամյակին նվիրված առաջիկա կոնֆերանսին։

Դեղագիտական ֆակուլտետի դեկան Բագրատ Ենոքյանը նշեց, որ շրջանավարտներից շատերը կրթությունը կշարունակեն կլինիկական օրդինատուրայում, մի մասն էլ արդեն անցել է աշխատանքի:

«Կարևոր է, որ ստացած գիտելիքները ծառայեցնեք ի նպաստ մեր երկրի, պետականության և ժողովրդի»,- ընդգծեց Բագրատ Ենոքյանը:

Օտարերկրացիների ուսուցման դեկանատի դեկան Գայանե Ավետիսյանը ևս շնորհավորելով բուհն ավարտած ուսանողներին՝ նշեց, որ աշխարհի տարբեր անկյուններից ԵՊԲՀ օտարերկրացի շրջանավարտները նույնպես այս երկու դժվարին տարիների ընթացքում աշխատել են քրտնաջան:

«Վստահ եմ, որ բժշկական համալսարանում ստացած տեսական գիտելիքները և գործնական հմտությունները կկիրառեք բժշկի ամենօրյա աշխատանքում»,- ասաց դեկանը:

Գիտական խորհրդի հանդիսավոր նիստին ներկա անվանական կրթաթոշակի արժանացած շրջանավարտները, որոնք աչքի են ընկել բարձր առաջադիմությամբ, տվեցին մասնագիտական՝ Հիպոկրատի երդում՝ խոստանալով հավատարիմ մնալ բժշկի կոչմանը: