Բժշկական բուհում շարունակվում է Մանկական ուռուցքաբանության միջազգային միության ասիական 15-րդ (SIOP ASIA) ամենամյա համաժողովը։
Մեկդարյա համալսարանի տարբեր դահլիճներում ու լսարաններում ոլորտի առաջատար մասնագետները քննարկումեր են անցկացնում իրենց երկրների ձեռքբերումների, խնդիրների վերաբերյալ և փոխանակվում փորձով։
Կապույտ դահլիճում անցկացվող նիստի ընթացքում Ճապոնիայի սրտի մանկական բժշկական կենտրոնի մասնագետ Մարիկո Կակացուն ներկայացրեց մանկական քաղցկեղով հիվանդացության և բուժման մեթոդներն ու ցուցանիշները Կամբոջայում՝ 2018-2022 թվականների ընթացքում։ Նրա զեկույցի համաձայն՝ 5 տարվա ընթացքում երկրում գրանցվել է մանկական քաղցկեղի 293 դեպք, որոնցից 15-ը՝ 2018 թվականին, 93-ը՝ 2022 թվականին։ Դրական ելքով բուժումները, մասնագետի համաձայն, կազմել են 140 դեպք։
Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի ԲԱՍՄԱ մանկական ուռուցքաբանության բաժանմունքի ղեկավար Խալեդ Գանեմի զեկույցը «Մանկական քաղցկեղի իրավիճակը կոնֆլիկտի և ճգնաժամի ժամանակ» խորագրով էր։ 2018 թվականին՝ սիրիական պատերազմի ավարտից հետո, նա ինտենսիվորեն ներգրավված է եղել իր երկրում մանկական քաղցկեղի բուժման հնարավորությունների զարգացման գործում: Նրա գործունեության արդյունքում բավականին բարելավվել է հիվանդների բուժումը և ապրելիությունը վերջին 5 տարվա ընթացքում:
Ելույթի ներածական մասում սիրիացի մանկական ուռուցքաբանը նշեց, որ 18 միլիոն բնակչություն ունեցող երկրում էլեկտրականությունը հասանելի է ընդամենը 6 ժամ։ Խալեդ Գանեմն անդրադարձավ Սիրիայում մանկական քաղցկեղի խնամքի ոլորտում մարդասիրական ճգնաժամի հետևանքով առաջացած դժվարություններին՝ ներկայացնելով նաև կարողությունների վերականգնման ուղղությամբ իրականացված ջանքերը։
Գերմանիայից ժամանած մասնագետ Ալեքսանդրա Մյուլլերը հանդես եկավ «Միջազգային մարդասիրական ջանքերը՝ պատերազմից տուժած մանկական քաղցկեղով հիվանդներին աջակցելու համար» վերտառությամբ զեկույցով, որի շրջանակում, մասնավորապես, անդրադարձավ Ուկրաինայի մարդասիրական ճգնաժամին և դրա հետևանքներին։
Ռ․Հ․ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի մասնագետ Հենրիկ Գրիգորյանը ներկայացրեց Արցախում պատերազմի հետևանքով առաջացած դժվարությունները, որոնց մասնագետները ստիպված են եղել ու մինչ օրս ստիպված են բախվել։
SIOP ASIA 15-րդ համաժողովին տեսակապով Արցախից միացավ Արփինե Հովակիմյանը՝ ներկայացնելով «Կյանքը շրջափակման պայմաններում» զեկույցը։ Մասնագետը հիշեցրեց, որ անցյալ տարվա դեկտեմբերի 12-ից Արցախը փաստացի շրջափակման մեջ է գտնվում։ Արփինե Հովակիմյանն անդրադարձավ չարորակ նորագոյացություններով բնակչության հիվանդացության և բուժման ցուցանիշներին, տեղում լիարժեք ախտորոշման և բուժման նպատակով տեղափոխման դժվարություններին։
Մանկական ուռուցքաբանության միջազգային միության նախագահ Գիլյերմո Շանտադան հանդես եկավ «Ռետինոբլաստոմայի կառավարման ընթացիկ մարտահրավերները» զեկույցով։
Կարմիր դահլիճում Գերմանիայի, Կիպրոսի, Հայաստանի, Հնդկաստանի, Իրանի, ԱՄՆ-ի, Նիդեռլանդների, Ռուսաստանի, Միացյալ Թագավորության, Ճապոնիայի, Իսպանիայի մասնագետները հիբրիդային ռեժիմով քննարկեցին մանկական ուռուցքների տեսակները, դրանց պաթոլոգիաներն ու ախտորոշումը, քաղցկեղի իմունաթերապիան, ինչպես նաև բուժման մեթոդները։
ԵՊԲՀ 8-րդ լսարանում Չինաստանի, ԱՄՆ-ի, Հորդանանի, Ռուսաստանի, Իտալիայի, Սինգապուրի, Ֆրանսիայի, Հայաստանի, Հնդկաստանի, Ճապոնիայի ուռուցքաբաններն անդրադարձան ոլորտում բուժման նորարարական մոտեցումներին, 4-րդ լսարանում ԱՄՆ-ի, Միացյալ Թագավորության, Հայաստանի, Չինաստանի, Ռուսաստանի, Բելառուսի մասնագետները փոխանակվեցին մանկական ուռուցքաբանության ոլորտում ձեռք բերված փորձով, իսկ համալսարանի նոր դահլիճներից մեկում անցկացվեց հոգեբանության հարցերին նվիրված սիմպոզիում։