Էրազմուս+ գիտաժողով․ զեկույցներ ներկայացրին նաև ապագա բժիշկները

Էրազմուս+ գիտաժողով․ զեկույցներ ներկայացրին նաև ապագա բժիշկները

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կայացած ԵՄ Էրազմուս+ «Հանրային առողջապահության և սոցիալական գիտությունների դոկտորական ծրագիր» (“Doctoral Programs in Public Health and Social Services” (DPPHSS) թեմայով ամփոփիչ միջազգային գիտաժողովը զեկույցներ ներկայացնելու հնարավորություն ընձեռեց նաև ապագա բժիշկներին։

Բուհի ուսանողներ Գերցինա Պետրոսյանը և Միքայել Վարդանյանը գիտաժողովի երկրորդ օրվա ընթացքում ներկայացրին «Ավելորդ քաշի և գիրության ազդեցությունը կանանց վերարտադրողական համակարգի վրա» խորագրով զեկույցը, Արփինե Մուրադյանը հանդես եկավ «COVID-19-ի ընթացքում չափահաս բնակչության շրջանում առողջության հետ կապված կյանքի որակի չափանիշների գենդերային տարբերությունները» զեկույցով, Նանե Հայրապետյանը ներկայացրեց «Սննդից առաջացած ալերգիկ հիվանդությունների տարածվածությունը» զեկույցը, իսկ Ալեքս Իսրայելյանը և Մադլենա Մակարյանը հանդես եկան «Գենետիկորեն ձևափոխված սննդի հիգիենիկ նշանակությունը» զեկույցով։

Հիշեցնենք, որ կրթության ոլորտում այս կարևոր միջոցառումը ԵՊԲՀ հյուրընկալ տանիքի ներքո էր համախմբել Հայաստանի, Վրաստանի, Ռումինիայի, Ավստրիայի, Շվեդիայի, Մոլդովայի, Սլովակիայի, Ղրղզստանի համալսարանների մասնագետներին։

Բժշկական բուհը ծրագրի համակարգողն է, ութ այլ համալսարան՝ Սլովակիայի բժշկական համալսարանը, Բաբես-Բոլյայի համալսարանը (Ռումինիա), Գյոթեբորգի համալսարանը (Շվեդիա), Վերին Ավստրիայի կիրառական գիտությունների համալսարանը, Երևանի պետական համալսարանը, Իվանե Ջավախաշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանը (Վրաստան), ինչպես նաև նաև Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և Վրաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունները ծրագրի Կոնսորցիումի անդամներ են։