Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Համագործակցության նոր հեռանկար գիտակրթական և առողջապահական նորագույն տեխնոլոգիաների ոլորտում

Համագործակցության նոր հեռանկար գիտակրթական և առողջապահական նորագույն տեխնոլոգիաների ոլորտում

Գիտակրթական, առողջապահական համակարգերում նորագույն տեխնոլոգիաների ներդրումն ու առավել լայն կիրառումը կարևորելու նպատակով այսօր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի և «Թեքնոլոջի ընդ Սայնս դայնամիքս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հիմնադիր-տնօրեն Վահան Շաքարյանի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր:

«Brain Awareness Week» միջազգային միջոցառման ընթացքում կնքված կարևոր այս փաստաթղթին անդրադառնալիս՝ Արմեն Մուրադյանը նշեց, որ բժշկագիտության մեջ առանց նորագույն տեխնոլոգիաների ներդրման հնարավոր չէ ապահովել առաջընթաց:

Հուշագրի շրջանակում բժշկական համալսարանի այն 35 ուսանողներին, ովքեր «ԳԼՕԲՈՒՍ» ծրագրով գերլարված օրակարգով բժշկական ուսուցում են անցնում, տրվեցին նորագույն օպերացիոն համակարգերով հագեցած պլանշետներ: Նաև նշենք, որ կանանց միամսյակի կապակցությամբ այսօր լավագույն ուսանողուհիներին որպես նվեր փոխանցվեցին նույն ընկերության կողմից արտադրված smart watch-եր:

«Թեքնոլոջի ընդ Սայնս դայնամիքս»-ի տնօրեն Վահան Շաքարյանն էլ նշեց, որ իրենք բաց են թե տեխնիկապես և թե ֆինանսապես աջակցելու այն երիտասարդ ապագա բժիշկներին, ովքեր հանդես կգան իրենց նորարար գաղափարներով և առաջարկություններով: Նրա գնահատմամբ՝ ստորագրված հուշագիրը հեռանկարների և հաջողությունների խորհրդանիշ է:

Միջոցառման մասնակիցներին ողջունեցին նաև մեր բուհի երկարամյա դասախոսներ, պրոֆեսորներ Միխայիլ Աղաջանովը և Դրաստամատ Խուդավերդյանը:

Նշենք, որ այսօր համալսարանում մերկնարկած «Brain Awareness Week» միջազգային միջոցառման կազմակերպումն այս տարի ստանձնել է մեր բուհի ՈՒԽ Ուսանողական գիտական ընկերությունը, և այն տեղի է ունենում FENS և Dana Foundation կազմակերպությունների հովանավորությամբ:

Մարտի 13-19-ը այս ծրագրի շրջանակներում կանցկացվեն տարբեր միջոցառումներ՝ մի շարք դասախոսություններ հայտնի գիտնականների կողմից, այցելություն դպրոցներ, միջազգային ուսանողական գիտաժողով, այցելություն հիվանդանոցներ, գիտական ակումբներ ու գիտական լաբորատորիաներ, բրեյն-ռինգ և այլ հետաքրքիր քննարկումներ ու խաղեր: