Հայ-գերմանական օնկոլոգիայի դպրոցի (ArGOS-Armenian German Oncology School) «Ժամանակակից օնկոլոգիայի հիմնատարրեր, Մաս 2. Վերին աղեստամոքսային տրակտի քաղցկեղ (կերակրափող և ստամոքս)» խորագրով երկրորդ առցանց գիտաժողովին դասախոսեցին Գերմանիայի ուռուցքաբանության ոլորտի հանրահայտ բժիշկները։
Հայկական կողմից առցանց գիտաժողովին մասնակցեցին ուռուցքաբան-քիմիաթերապևտները, վիրաբույժները, ճառագայթային թերապևտներն ու պաթոհիստոլոգները՝ բացառիկ հնարավորություն ունենալով գերմանացի գործընկերների հետ քննարկել ստամոքսի և կերակրափողի քաղցկեղին վերաբերող հիմնահարցերը՝ ախտորոշման և բուժման ժամանակակից մեթոդները։
Գիտաժողովը վարեցին պրոֆեսորներ Հերիբերտ Յուրգենսը և Յորգ Հայերը։
Առցանց միջոցառման շրջանակում ելույթ ունեցավ պրոֆեսոր Եվա Վարդելմանը, որը հանդիսանում է Մյունստերի համալսարանական հիվանդանոցի Գերարդ-Դոմագ պաթոլոգիայի ինստիտուտի ղեկավարը։ Նա ներկայացրեց զեկույց ստամոքսի և կերակրափողի քաղցկեղի պաթոլոգիայի վերաբերյալ։
Ֆրայբուրգի համալսարանի գաստրոինտեստինալ ուռուցքաբան, պրոֆեսոր Մայքլ Քուանտեն ներկայացրեց զեկույց վերին ստամոքսաղիքային տրակտի չարորակ ուռուցքների դեղորայքային բուժման ժամանակակից սկզբունքների թեմայով։
Հաննովերի բժշկական դպրոցի փոխտնօրեն, պրոֆեսոր Հանս Քրիստիանսենը ներկայացրեց ստամքոսի և կերակրափողի քաղցկեղի դեպքում կիրառվող ճառագայթային թերապիայի նորագույն մեթոդները։
Գերմանիայի Քաղցկեղի հիմնադրամի ղեկավար, պրոֆեսոր Վերներ Հոհենբերգերը խոսեց վերին ստամոքսաղիքային տրակտի չարորակ ուռուցքների վիրահատական բուժման մեթոդների մասին
Զեկույցներից հետո մասնագետները քննարկեցին կլինիկական դեպքերը։
«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի ուռուցքաբանության կլինիկայի ղեկավար, ԵՊԲՀ օնկոլոգիայի ամբիոնի դասախոս Լիլիթ Հարությունյանը ներկայացրեց կլինիկական դեպք կերակրափողի մետաստատիկ քաղցկեղի վերաբերյալ, որից հետո Ուռուցքաբանության ամբիոնի կլինիկական օրդինատոր Նունե Կարապետյանը քննարկմանը ներկայացրեց ստամոքսի քաղցկեղով հիվանդի կլինիկական դեպք։
Հայ-գերմանական օնկոլոգիայի դպրոցի (ARGOS) և Երևանի պետական բժշկական համալսարանի համագործակցությունը շարունակական է: Մոտ ապագայում ծրագրվում է կազմակերպել առցանց գիտաժողովի 3-րդ մասը, որի ընթացքում Հայաստանի բժիշկներն ու կլինիկական օրդինատորները հնարավորություն կունենան ծանոթանալ ենթաստամոքսային գեղձի, լյարդի և լեղուղիների քաղցկեղի ժամանակակից ախտորոշման և բուժման ուղեցույցներին։
Մյունստերի համալսարանական կլինիկայի հետ օնկոլոգիայի ոլորտում համագործակցության սկիզբը դրվել է դեռևս 2015 թվականին, ինչի արդյունքում ԳԴՀ առողջապահության նախարարության ֆինանսավորմամբ և ԵՊԲՀ այցելու պրոֆեսորներ Յորգ Հայերի, Եվա Վարդելմանի և Հերիբերտ Յուրգենսի շնորհիվ մեր համալսարանի 9 բժիշկ մասնագիտական մեկամսյա կատարելագործում է անցել Մյունստերի, Բեռլինի և Մյունխենի կլինիկաներում, ինչպես նաև ԵՊԲՀ-ում կազմակերպվել են գիտաժողովներ՝ Գերմանիայի և Ավստրիայի տարբեր կլինիկաների մասնագետների մասնակցությամբ։