Կյանքի կոչվեց «Նեյրոգիտության հիմունքներ» դասընթացը

Կյանքի կոչվեց «Նեյրոգիտության հիմունքներ» դասընթացը

ԵՊԲՀ-ում անցկացվեց «Նեյրոգիտության հիմունքներ» խորագրով դասընթացը, որը կազմակերպել էր ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնի Գիտելիքի և տեխնոլոգիայի փոխանցման գրասենյակը։

Դասընթացի սկզբում ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր, «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնի գլխավոր գիտնական, պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանը ընդգծեց նեյրոգիտության ուսումնասիրության կարևորությունը՝ խրախուսելով ուսանողներին ներգրավվել նեյրոգիտական միջավայրում։
«Ոգևորիչ է ամառային արձակուրդների ամենաթեժ շրջանում տեսնել ուսանողների այսպիսի մեծ հետաքրքրություն նեյրոգիտական այս դասընթացի նկատմամբ։ Այն ևս մեկ ապացույց է, որ դասընթացի ներդրումը «Բուժական գործ» նոր ծրագրում արդարացված է», – նշեց պրոֆեսոր Ենկոյանը։

 Դասընթացի ընթացքում թիմի անդամներն ուսանողներին ներկայացրեցին հետաքրքիր դասախոսություններ՝ բացահայտելով ուղեղը նեյրոանատոմիայից մինչև նեյրոդեգեներացիայի և աուտիզմի ախտաֆիզիոլոգիական փոփոխություններ։ Քննարկվեցին նաև Ալցհեյմերի հիվանդության և աուտիզմի վարքագծային փոփոխությունները։
Վերջում ուսանողները ստացան թիմային հանձնարարություն, որի ընթացքում մասնակիցները վերլուծեցին այն վարքային թեստերը, որոնք հնարավոր է կիրառել կենդանական մոդելներում՝ տարբեր նյարդաբանական վիճակները գնահատելու համար։

Քննարկումներն անցան ակտիվ և ընկերական միջավայրում՝ նպաստելով քննադատական մտածողության զարգացմանը։
Դասընթացն անցկացվում է «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի Նորարարությունների մրցակցային հիմնադրամի շրջափուլով իրականացվող «Ուղեղի վիզուալիզացիայի լաբորատորիա» (ՈՒՎԼ) դրամաշնորհային ծրագրի շրջանակներում։