Սեպտեմբերի 1–11-ը ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնում անցկացվեց «Լաբշիփ 6» երկշաբաթյա ուսուցողական ծրագիրը գիտությամբ և լաբորատոր փորձարարական աշխատանքով հետաքրքրված ուսանողների համար։
Ծրագրի հիմնական ուղղությունը վարքային նեյրոգիտությունն էր։ Երկու շաբաթների ընթացքում մասնակիցների համար տեսական գիտելիքն ու գործնական աշխատանքը համադրվեցին մեկ ամբողջական ուսուցողական գործընթացում՝ հնարավորություն տալով նրանց ավելի մոտիկից ծանոթանալ նեյրոգիտական հետազոտության իրական աշխատանքային միջավայրին։
Ավարտին մասնակիցները խմբային աշխատանքի միջոցով մշակեցին գիտական նախագծեր՝ ուսումնասիրելով բարդ կոգնիտիվ և էմոցինալ վարքագծի դրսևորումները։
Ամփոփիչ հանդիպմանը ներկա էր ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր, «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնի գլխավոր գիտնական, պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանը, ում հետ ուսանողները կիսվեցին ծրագրից ստացած տպավորություններով, իսկ պրոֆեսորը խրախուսեց նրանց ուսման հագեցած գրաֆիկի պայմաններում չկորցնել գիտական հետազոտությունների նկատմամբ հետաքրքրությունը։
Գիտելիքի և տեխնոլոգիաների փոխանցման գրասենյակի ղեկավար Մարիամ Մովսիսյանը շնորհակալություն հայտնեց ծրագրի մենթորներին՝ Արտեմ Գրիգորյանին, Կատարինե Ֆերեշետյանին, Ամալյա Հակոբյանին, Ռուբեն Մինասյանին, Համլետ Թորոսյանին, «Լաբշիփ» նախագծի հերթական սեմինարը կյանքի կոչելու, երիտասարդ սերնդի հետ իրենց փորձն ու գիտելիքը կիսելու և նրանց մոտիվացնելու համար, ինչպես նաև ուսանողներին՝ մասնակցության և ծրագրին տրամադրած ժամանակի համար: