Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

«ՔՈԲՐԵՅՆ»-ում բուռն աշխատանքային առօրյա է. ֆոտոշարք

«ՔՈԲՐԵՅՆ»-ում բուռն աշխատանքային առօրյա է. ֆոտոշարք

Մարտին դռները բացած «ՔՈԲՐԵՅՆ» ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնն արդեն անցել է բուռն աշխատանքային առօրյայի։

Ընթացիկ ծրագրերում պլանավորված փորձերը արդեն իսկ տեղափոխվել են նորաբաց կենտրոնի լաբորատորիաներ և շարունակվում են այդտեղ նոր սարքերի ներգրավվածությամբ։ Զուգահեռաբար գործարկվում են որոշ նոր սարքավորումները և ճանաչողական աշխատանքներ տարվում դրանց գրագետ օգտագործման ուղղությամբ։

«ՔՈԲՐԵՅՆ» գիտակրթական կենտրոնի աշխատանքներին մասնակցում են երիտասարդ հետազոտողներ․ ի դեպ, նրանց մի խումբ պատրաստվում է վերապատրաստման արտերկրի գործընկեր համալսարաններում՝ «ՔՈԲՐԵՅՆ»-ի շրջանակում։

Կենտրոնի աշխատանքներում ներգրավված են նաև «Հետազոտության հիմունքներ» առարկայի շրջանակում հաջողություն գրանցած ուսանողները կամավորության հիմունքով՝ գիտաշխատողների վերահսկողությամբ և ուղղորդմամբ։

«Հետազոտության հիմունքներ» առարկայի դասերն անցկացվում են կենտրոնի լսարանում, և ուսանողներին հնարավորություն է ընձեռվել ազատորեն օգտվել տեխնիկական առումով հագեցած համակարգիչներից իրենց աշխատանքները կատարելիս։

Կենտրոնի կազմում գործունեությունն է սկսում նաև Գիտելիքի և տեխնոլոգիաների փոխանցման գրասենյակը, որը նախատեսում է տարբեր գիտակրթական ծրագրեր կրթության բոլոր մակարդակի ուսանողների համար: Մոտ ապագայում պլանավորվում են նաև մի շարք դասընթացներ մտավոր սեփականության և գիտական արդյունքի առևտրայնացման վերաբերյալ:

Բացի այդ «ՔՈԲՐԵՅՆ» ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնում գործունեությունն է ծավալում «ՔՈԲՐԵՅՆ» ծրագրի աջակցությամբ ստեղծված «Դենդի» նյարդավիրաբուժական ակումբը, որի անդրանիկ նիստը արդեն կայացել է, և կենտրոնը ուսանողներին հնարավորություն  է ընձեռում այստեղ ձեռք բերել նաև պրակտիկ հմտություններ՝ աշխատելով կենդանիների հետ: Կենտրոնի գիտական մասը շարունակելու է իր գիտակրթական առաքելությունը նաև այս ուղղությամբ։

«ՔՈԲՐԵՅՆ»-ում նախագծման և պլանավորման փուլում են գտնվում նոր գիտահետազոտական աշխատանքներ, որոնք արդեն հնարավոր է իրականացրել ձեռք բերված նորագույն սարքավորումների շնորհիվ։