Օգոստոսի 3-ին Օպերատիվ վիրաբուժության և տեղագրական անատոմիայի ամբիոնի Վիրաբուժական խմբակը հյուրընկալել էր Մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի հրավիրված դասախոս, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պլաստիկ և դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի վարիչ Ռաֆիկ Շահպարոնյանին։
Ուսանողներն ունեցան եզակի հնարավորություն ներկա գտնվելու և ստանալու առանցքային գիտելիք ռինոպլաստիկայի վերաբերյալ, ինչպես նաև ստացան հետաքրքրող հարցերի պատասխաններ։
Վիրաբույժը խոսեց ռինոպլաստիկայի կարևորության մասին, կազմակերպվեց քննարկում: Ապագա բժիշկների հետ հանդիպումն ունեցավ նաև գործնական մաս: Վիրահատություն կատարվեց գառան քթի վրա, որն ուշագրավ փորձառություն էր։ Հատուկ նշանակություն ուներ այն փաստը, որ վիրահատական տեխնիկաները, որոնք օգտագործվեցին գառան քթի վրա, ժամանակակից վիրաբուժության մեջ կիրառվում են նաև մարդու վրա: Ռաֆիկ Շահպարոնյանը մանրամասնորեն ներկայացրեց վիրահատության յուրաքանչյուր քայլը, նրբությունները։
Միջոցառումը ոգևորիչ էր ուսանողների համար, քանի որ նրանք ծանոթացան ոչ միայն տեսական, այլ նաև գործնական հմտությունների, ինչը մասնագիտական առաջխաղացման հիմքն է: