Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Գիտելիքի հիմքի վրա պետք է կառուցել մասնագիտանալու վերնաշենքը. ԵՊԲՀ-ն ընդունեց Ընդհանուր բժշկության ֆակուլտետի ուսանողներին

Գիտելիքի հիմքի վրա պետք է կառուցել մասնագիտանալու վերնաշենքը. ԵՊԲՀ-ն ընդունեց Ընդհանուր բժշկության ֆակուլտետի ուսանողներին

Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանն այսօր դիմավորեց Ընդհանուր բժշկության ֆակուլտետ ընդունված առաջին կուրսի 512 ուսանողի:

Կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված, պահպանելով հակահամաճարակային կանոնները, առաջին կուրսեցիների հետ հանդիպումները համալսարանում անցկացվեցին փոքր խմբերով:

Ընդհանուր բժշկության ֆակուլտետի դեկան Կարինե Բարոյանը, շնորհավորելով ապագա բժիշկների մուտքը, ընդգծեց, որ ուսանողներն այսօր գտնվում են 100-ամյա պատմություն ունեցող բուհում, որը դարեր շարունակ կրթել և դեպի կյանք է ուղարկել բարձրորակ և բարձրակարգ մասնագետների, որոնք այսօր սփռված են աշխարհով մեկ: «Դուք պետք է դառնաք նրանց արժանի փոխարինողները»,- նշեց նա՝ հավելելով, որ մի քանի տարի անց նրանց սպասվում են բազմաթիվ իրավիճակներ, երբ պատասխան են տալու իրենց բուժումը վստահած հիվանդների համար:

Կարինե Բարոյանն ապագա բժիշկներին հորդորեց լավ սովորել, քանի որ գիտելիքն ուժ է, լավ մասնագետ դառնալու գլխավոր գրավականը: «Բժշկի համար ամենափոքր գիտելիքը ևս շատ կարևոր է: Պետք է սովորել առաջին օրից մինչև վերջին օրը: Գիտելիքի հիմքի վրա պետք է կառուցել մասնագիտանալու վերնաշենքը»,- ասաց դեկանը՝ հիշեցնելով, որ բժշկական բուհի ուսանողը ոչ մի տեղից և ոչ մի բանից ուշանալու իրավունք չունի:

Ներկայացնելով բժշկական բուhի սովորողների իրավունքներն ու պարտականությունները՝ ընդհանուր բժշկության ֆակուլտետի դեկանը, շեշտեց, որ ուսանողները պետք է լինեն ոչ միայն իրավունքների, այլ նաև պարտականությունների տերը: «Ձեզանից պահանջվում է կարգապահություն և ճշտապահություն, իսկ ձեզ վերաբերող բոլոր խնդիրները լուծվում են դեկանատում»,-տեղեկացրեց ֆակուլտետի ղեկավարը: Նա հավելեց նաև, որ կամավորությունը պետք է լինի ուսանողների առաջնահերթ խնդիրը: «Պետք է կարողանաք կամավորներ լինել, քանի որ արդեն կամավորագրվել եք՝ ընտրելով մասնագիտություն, որը կոչված է օգնել մարդկանց առողջանալ: Մեր սպիտակ բանակը մի ամբողջ տարի պայքարել է երկու ճակատում՝ կորոնավիրուսային համավարակի և պատերազմի ժամանակ: Մենք ապացուցեցինք, որ շատ ուժեղ ենք: Առաջինից մինչև վեցերորդ կուրսի ուսանողը, ինչպես նաև կլինիկական օրդինատորները եղել են մարտի դաշտում՝ հիվանդանոցներում: Դուք ևս պետք է պատվով կրեք Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանող լինելու բարձր կոչումը»,- փաստեց Կարինե Բարոյանը՝ տեղեկացնելով, որ բժշկական բուհն ավարտած ուսանողները Հիպոկրատի երդում են տալիս «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի բակում՝ որպես խորհրդանիշ 100-ամյա պատմություն ունեցող բժիշկների դարբնոցի:

Անդրադառնալով հակահամաճարակային կանոններին՝ նշվեց, որ դրանք բուհում խիստ են, դիմակների առկայությունը պարտադիր:

Հիշեցնենք, որ 2021-2022 ուսումնական տարում Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան է դիմել 1009 դիմորդ, որից 763-ն ընդունվել է ԵՊԲՀ: Ընդհանուր բժշկության ֆակուլտետում կսովորեն նրանցից 512-ը: