Գիտելիքի օրը «Հերացի» ավագ դպրոցում. տեսանյութ

Գիտելիքի օրը «Հերացի» ավագ դպրոցում. տեսանյութ

«Հերացի» ավագ դպրոցի բակում հնչեց սեպտեմբերյան առաջին զանգը՝ ազդարարելով նոր ուսումնական տարվա մեկնարկը։ Կրթական հաստատությունը կրկին լցվեց երիտասարդների ակտիվությամբ և նոր սպասումներով։

Ուսումնական տարվա մեկնարկը լավագույն առիթն է նոր ծրագրերի ու նպատակների մասին խոսելու, ինչպես նաև դպրոցական համայնքին ուղղված բարեմաղթանքներ հնչեցնելու համար։

Աշակերտներին, ուսուցիչներին, ծնողներին և հյուրերին ողջունեցին ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանը և «Հերացի» ավագ դպրոցի տնօրեն Նարինե Սարգսյանը՝ մաղթելով բոլորիդ հետաքրքիր, արդյունավետ և հաջողություններով լի ուսումնական տարի։

Միջոցառմանը ներկա էր ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ով առանձնակի կարևորեց գիտելիքը, այն ստանալու գործընթացը և տեղեկացրեց, որ «Հերացի» ավագ դպրոցին կվերադարձվի 555 քմ մակերեսով մասնավորեցված տարածքը. դատախազությունը պետական շահերի պաշտպանության հայցի շրջանակում հաշտության համաձայնություն է կնքել:

Գիտելիքի օրը միայն ուսումնական տարվա մեկնարկ չէ։ Այն նաև հնարավորություն է սովորելու, բացահայտելու, հարցեր տալու և սեփական հետաքրքրությունների սահմաններն ընդլայնելու համար։

Սեպտեմբերի 1-ի տոնական տրամադրությունը ներկաներին փոխանցեցին ավագ դպրոցի 10-12-րդ դասարանների աշակերտները և «Հերացի» բենդը։

Միջոցառման երկրորդ հատվածը շարունակվեց «Գիտելիքի հետքերով» ինտերակտիվ դասերով։

10-11-րդ դասարանների աշակերտները մասնակցեցին ինտերակտիվ դասերի, որոնք հնարավորություն տվեցին ուսումնական գործընթացը սկսել ոչ միայն գիտելիքով, այլև հետաքրքրությամբ։

Մայրաքաղաքի տարբեր թանգարաններ այցելություններով հերացիականները կամփոփեն Գիտելիքի օրը:

Նշենք, որ 2026-2027 ուսումնական տարում «Հերացի» ավագ դպրոցի 10-ից 12-րդ դասարաններում սովորում է 477 աշակերտ։ Ուսուցիչների թիվը 39-ն է, որոնցից 93 տոկոսը կամավոր ատեստավորվել է։

Այս տարի 181 շրջանավարտից 135-ն ընդունվել է բարձրագույն կրթական հաստատություն, որոնցից 66-ը (16-ը՝ անվճար) ԵՊԲՀ։ Միջազգային համալսարաններ է ընդունվել 7 շրջանավարտ:

Միայն այս տարի կենսաբանության միջազգային 3 օլիմպիադաներից դպրոցի աշակերտները նվաճել են 11 մեդալ։

Տեսանյութ