Գլխուղեղի կաթվածի համաշխարհային օր․ յուրաքանչյուր րոպեն կարևոր է

Գլխուղեղի կաթվածի համաշխարհային օր․ յուրաքանչյուր րոպեն կարևոր է

Գլխուղեղի կաթվածը կարող է սկսվել հանկարծակի, իսկ դրա հետևանքները մեծապես կախված են այն բանից, թե որքան արագ է մարդը ստանում մասնագիտացված բժշկական օգնություն։ Պատահական չէ, որ 2026 թվականի հոկտեմբերի 29-ի Գլխուղեղի կաթվածի համաշխարհային օրվա ուղերձն է՝ «Յուրաքանչյուր րոպեն կարևոր է»։ Այս տարի Կաթվածի համաշխարհային կազմակերպությունը կոչ է անում սովորել ճանաչել կաթվածի նշանները և գործել արագ։

Կաթվածն առաջանում է, երբ ուղեղի որևէ հատվածի արյունամատակարարումը խանգարվում է՝ անոթի խցանման կամ պատռման և արյունազեղման հետևանքով։ Առանց բավարար արյան ու թթվածնի ուղեղի բջիջները սկսում են վնասվել, կորցրած ժամանակը կարող է նշանակել կորցրած ուղեղային հյուսվածք։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության 2026 թվականին թարմացված տվյալներով՝ 2023-ին կաթվածը աշխարհում մահվան երկրորդ առաջատար պատճառն էր՝ շուրջ 6.8 միլիոն մահվան դեպքով, ինչը կազմել է համաշխարհային բոլոր մահերի մոտ 11%-ը։ ԱՀԿ-ի վերջին կաթվածի վերաբերյալ տվյալներով՝ 2021 թվականին աշխարհում գրանցվել է մոտ 11.9 միլիոն նոր դեպք, իսկ կաթվածով ապրող մարդկանց թիվը գնահատվել է շուրջ 93.8 միլիոն։ Վերջին երկու տասնամյակում կյանքի ընթացքում կաթված ունենալու ռիսկն աճել է մոտ 50%-ով, և այսօր գնահատվում է, որ յուրաքանչյուր 4 մեծահասակից 1-ը կյանքի ընթացքում կարող է ունենալ կաթված։

Գլխուղեղի կաթվածը նաև Հայաստանի համար շարունակում է մնալ կարևոր հանրային առողջապահական խնդիր։ ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի պաշտոնական վիճակագրությամբ՝ 2024 թվականին ուղեղանոթային հիվանդություններից Հայաստանում գրանցվել է 1992 մահ, կամ 65.7 մահ՝ 100․000 բնակչի հաշվով։ Հայաստանում վերջին տարիներին զարգացել է նաև կաթվածի սուր բուժման համակարգը։ 2019 թվականին մեկնարկել է Կաթվածի ազգային ծրագիրը, որի շրջանակում պետական ֆինանսավորմամբ հասանելի են դարձել իշեմիկ կաթվածի ժամանակակից բուժման մեթոդները՝ ներերակային թրոմբոլիզիսը և մեխանիկական թրոմբէկտոմիան։ Ծրագրի առաջին 36 ամիսների ընթացքում սուր իշեմիկ կաթվածի ռեպերֆուզիոն բուժում է ստացել 1230 պացիենտ։

            Կաթվածի նշանները սովորաբար սկսվում են հանկարծակի։ Հիշեք FAST սկզբունքը.

  • F-Face, Դեմք. խնդրեք մարդուն ժպտալ․ դեմքի մի կողմը կախվա՞ծ է։
  • A-Arm, Ձեռք. խնդրեք բարձրացնել երկու ձեռքերը․ մեկը թուլանո՞ւմ կամ իջնո՞ւմ է։
  • S-Speech, Խոսք. խոսքը դարձե՞լ է անհասկանալի, դժվարացա՞ծ կամ մարդը չի՞ կարողանում կրկնել պարզ նախադասություն։
  • T-Time, Ժամանակ. թեկուզ մեկ նշանի առկայության դեպքում մի սպասեք, որ այն անցնի ինքնուրույն. անհապաղ կանչեք շտապ բժշկական օգնություն։

Կաթվածի այլ հանկարծակի նշաններ կարող են լինել տեսողության կորուստը կամ վատացումը, հավասարակշռության և քայլելու խանգարումը, գլխապտույտը, մարմնի մի կողմի թմրությունը կամ թուլությունը։

Կաթվածի ամենակարևոր փոփոխելի ռիսկի գործոններից մեկը զարկերակային բարձր ճնշումն է: ԱՀԿ-ն նշում է, որ հիպերտոնիա ունեցող մարդկանց մոտ կաթվածի ռիսկը գրեթե երեք անգամ բարձր է։ Ռիսկը մեծացնում են նաև ծխախոտի օգտագործումը, ցածր խտության լիպոպրոտեինների խոլեստերինի բարձր մակարդակը։ խոլեստերինը, աղի մեծ քանակով օգտագործումը, շաքարի բարձր մակարդակը, ավելորդ քաշը, ֆիզիկական անբավարար ակտիվությունը, ալկոհոլի վնասակար օգտագործումը և որոշ սրտային հիվանդություններ։ Զարկերակային ճնշման կանոնավոր չափումը և վերահսկումը, ծխախոտից հրաժարվելը, աղի սահմանափակումը, առողջ սննդակարգը, շաբաթական առնվազն 150 րոպե միջին ինտենսիվության ֆիզիկական ակտիվությունը, ինչպես նաև շաքարային դիաբետի, խոլեստերինի և սրտային ռիթմի խանգարումների ժամանակին վերահսկումը կարող են զգալիորեն նվազեցնել կաթվածի ռիսկը։

Կաթվածի դեպքում մի սպասեք ցավի, այն կարող է ընդհանրապես ցավով չուղեկցվել։ Մի սպասեք նաև, որ ախտանշաններն անցնեն։

Հիշե՛ք երեք պարզ քայլ՝ ճանաչել նշանները, արձանագրել դրանց սկսվելու ժամանակը և անմիջապես օգնություն կանչել։ Կաթվածի դեպքում յուրաքանչյուր րոպեն կարևոր է։