Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Գործնական հմտությունների սիմուլյացիոն կենտրոնը համալրվել է նորագույն լապարոսկոպիկ վարժասարքով

Գործնական հմտությունների սիմուլյացիոն կենտրոնը համալրվել է նորագույն լապարոսկոպիկ վարժասարքով

ԵՊԲՀ սիմուլյացիոն ուսումնական կենտրոնը համալրվել է շվեդական արտադրության նորագույն՝ 6-րդ սերնդի վարժասարքով:  Գործնական հմտությունների սիմուլյացիոն կենտրոնի ղեկավար Սուրեն Հովհաննիսյանի խոսքով՝  LAPSIM վարժասարքը կնպաստի ինչպես կլինիկական օրդինատորների, այնպես էլ վիրաբույժների լապարոսկոպիկ վիրաբուժության ունակությունների զարգացմանը:

«Այս նոր վարժասարքը, որով համալրվել է մեր կենտրոնի լապարոսկոպիկ սենյակը հնարավորություն կտա ինչպես վիրաբուժական մասնագիտություններով սովորողներին, այնպես էլ արդեն գործող վիրաբույժներին մասնակցել մեր կողմից կազմակերպվող վերապատրաստումներին և ստանալ նաև շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտներ (18 ՇՄԶ կրեդիտ)»,- նշում է կենտրոնի ղեկավարը:

Նրա գնահատմամբ՝ նոր վարժասարքերով համալրումը մեծապես բարելավում է գործնական հմտությունների ձեռքբերման գործընթացը, որը Սիմուլյացիոն կենտրոնի ստեղծմամբ բժշկական բուհում անցկացվում է 2014 թվականից:

Սուրեն Հովհաննիսյանը, խոսելով կենտրոնի գրանցած հաջողությունների մասին, ընդգծում է այն հանգամանքը, որ իրենք ոչ միայն ապագա, այլև երկար տարիների փորձ ունեցող բժիշկներին են ուսուցանում: Կենտրոնում ստեղծված հնարավորությունները, մասնավորապես՝ առաջին բուժօգնության տեսակետից, կիրառական են նաև ոչ բժշկական մասնագիտություններ ունեցողների համար:

«Այս տարիներին համալսարանական հիվանդանոցների ավելի քան 500 բուժքույր է վերապատրաստվել մեզ մոտ, իսկ վերջին դժվարին տարվանից հետո մեկնարկել է առաջին բուժօգնության դասընթաց բոլոր ցանկացողների համար»,- մանրամասնում է կենտրոնի ղեկավարը:

Արդեն շուրջ 30.000 այցելու ունեցած կենտրոնում առաջիկայում ծրագրվում  է ընդլայնել թրեյնինգների թիվը՝ ընդգրկելով նաև ուժային կառույցների և ԱԻՆ աշխատակիցներին: Այս քայլն, առաջին հերթին, կբարձրացնի արտակարգ իրավիճակներում բնակչության անվտանգության մակարդակը, ինչպես նաև կավելացնի մարդկանց կյանքը փրկելու հնարավորությունը: