Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Գրիպի և սուր շնչառական վարակիչ հիվանդությունների սեզոնին ընդառաջ. մանրամասնում է համաճարակաբանը

Գրիպի և սուր շնչառական վարակիչ հիվանդությունների սեզոնին ընդառաջ. մանրամասնում է համաճարակաբանը

Գրեթե ամեն տարի հոկտեմբերից սկսվում է գրիպի և սուր շնչառական վարակիչ հիվանդությունների սեզոնը։

Այն հիմնականում մեկնարկում է ընթացիկ տարվա հոկտեմբերից (40-րդ շաբաթ) մինչև հաջորդող տարվա մայիս (20-րդ շաբաթ):

ԵՊԲՀ հիգիենիկ և հակահամաճարակային բաժնի պետ, Համաճարակաբանության ամբիոնի դոցենտ Կարինե Պողոսյանի փոխանցմամբ` հիվանդացության դեպքերը կապված են այն հանգամանքի հետ, որ առավել շատ գտնվելով փակ, քիչ օդափոխվող տարածքներում հիվանդությունն առավել ակտիվ է տարածվում։  

Սուր շնչառական վարակիչ հիվանդությունների հիմնական ախտանշաններն են`

  • հազ,
  • ցավ կոկորդում,
  • հևոց,
  • հաճախացած և դժվարացած շնչառություն,
  • արտադրություն քթից,
  • ականջացավ,
  • կարող է ընթանալ ջերմության բարձրացումով կամ առանց բարձրացման:

«Իսկ ծանր սուր շնչառական վարակ ախտորոշվում է այն դեպքում, երբ առկա է ջերմության բարձրացում  մինչև 38 աստիճան և ավելի, հազ` վերջին 10 օրվա ընթացքում և բարդություններ, որի արդյունքում պահաջվում է նաև հոսպիտալացում»,- մանրամասնում է համալսարանական մասնագետը` շեշտելով, որ սուր շնչառական վարակների համար առաջնահերթ կանխարգելիչ միջոցառումներից է մեկուսացումը, այսինքն այն անձը, ով ունի սուր շնչառական վարակների ախտանշաններ անպայման պետք է ինքնամեկուսանա, որպեսզի առողջներին չվարակի:

Պարբերաբար պետք է օդափոխել տարածքը, պահպանել ձեռքերի հիգիենան, պահպանել սոցիալական հեռավորություն, պահպանել հազի, փռշտալու վարվելակարգի կանոնները սուր շնչառական վարակներով, գրիպով  չհիվանդանալու համար, իսկ հետգրիպային բարդություններից խուսափելու նպատակով անհրաժեշտ է` պատվաստվել սեզոնային գրիպի դեմ, խուսափել գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից:

Եթե Դուք կամ Ձեր երեխան  հիվանդ եք՝ մնացեք տանը, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի զբաղվեք ինքնաբուժմամբ, մի օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի և սուր շնչառական վարակների բուժման համար:

Եղանակին համահունչ հագնվելը, փակ տարածքների հաճախակի օդափոխումը և անձնական հիգիենային հետևելը նույնպես անհրաժեշտություն են։

Կարինե Պողոսյանը տեղեկացնում է, որ գրիպի դեմ պատվաստում կարող է ստանալ ցանկացած քաղաքացի` բժշկական հակացուցումների բացակայության դեպքում:

«Նշեմ նաև, որ արդեն իսկ պոլիկլինիկաներում առկա է սեզոնային գրիպի դեմ պատվաստանյութը։ Այն քառավալենտ է, այսինքն ներառում է գրիպի չորս ենթատեսակ`  գրիպ A-ի H1N1, H3N2, գրիպի B վիրուսի 2 շրջանառվող տեսակ` B/Yamagata/,  B/Victoria վիրուսները: Քառավալենտ վակցինայի արդյունավետությունն ապացուցված է, այն լավ ազդեցություն է թողնում, քանի որ դրա մեջ ներառված են հանրապետությունում շրջանառվող բոլոր ենթատեասակները»,- մանրամասնում է նա:

Հիշեցնենք, որ գրիպի դեմ պատվաստումներն իրականացվում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից սահմանված ռիսկի խմբերի շրջանում՝ հղիներ, 6 ամսականից  մինչև 5 տարեկան երեխաներ, 65 և  բարձր տարիքի անձինք, մինչև 64 տարեկան դիաբետ, շնչառության օրգանների, սիրտ-անոթային համակարգի, լյարդի, երիկամների քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք, բուժաշխատողներ, սոցիալական պաշտպանության հաստատություններում, հոգեկան առողջության կենտրոններում գտնվող անձինք և սպասարկող անձնակազմ,  առաջին զորակոչի ենթակա անձինք: