2017 թվականից ԵՊԲՀ-ում գործող կարգապահական հանձնաժողովը, որն այս տարվա ապրիլից ղեկավարում է Դատական բժշկության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Շոթա Վարդանյանը, այս ընթացքում տասնյակ գործեր է քննության առել` համապատասխան եզրակացություններ ներկայացնելով բուհի ղեկավարությանը:
Նիստերը հանձնաժողովը հրավիրում է ըստ դեպքերի` ռեկտորի հանձնարարությամբ:
Արձանագրված դեպքերը հանգամանալից ուսումնասիրվում են անդամների կողմից նախքան նիստի հրավիրումը, որի արդյունքում էլ այս կամ այն կարգապահական խախտման վերաբերյալ տույժ կիրառելու առաջարկություն է ներկայացվում ԵՊԲՀ ռեկտորին:
Հանձնաժողովի կարգապահական տույժ կիրառելու մասին առաջարկության հիման վրա ռեկտորն ընդունում է համապատասխան հրաման:
«Մեր աշխատանքը առաջին հերթին պետք է ուսուցողական լինի մյուսների նկատմամբ, որպեսզի ապագա բժիշկները գիտակցեն ու հասկանան, որ ցանկացած կարգապահական խախտում, որն առավելապես արտահայտվում է քննությունների ժամանակ, պատասխանատվություն առաջացնում է: Կարևոր է, որ համալսարանականներն իմանան, որ մեր հանձնաժողովի գործունեությունը միայն ուսանողներին ուղղված չէ, բազմաթիվ են նիստերը` նվիրված ամբիոններում ծագող խնդիրների լուծմանը, միջանձնային հարաբերությունների պարզաբանմանը»,-մանրամասնում է պրոֆեսոր Վարդանյանը:
Հանձնաժողովի անդամ, քարտուղար Կատարինե Ֆերեշետյանի հետ՝ վերլուծելով գրանցված դեպքերը, փաստում ենք, որ դրանք գրանցվում են բոլոր ֆակուլտետներում, ցավոք ոչ միայն ուսանողների, այլև կլինիկական օրդինատորների շրջանում:
Հաղորդակցման միջոցների կիրառումից մինչև անպատասխանատու վարքագիծ, անհարգալից վերաբերմունք դասախոսի կամ կոլեգայի նկատմամբ. հանձնաժողովի կողմից ուսումնասիրված հարցերը բազմաթիվ են ու բազմաբնույթ. նպատակը մեկն է՝ նպաստել դրանց թվի կրճատմանը, իրազեկել ուսանողությանը զերծ մնալ նման անցանկալի մոտեցումներից ու վարքագծից, ինչի մասին նրանց ոչ միայն բուհական կանոնակարգերով, այլև բանավոր բազմիցս տեղեկացվում է կրթության պատասխանատուների կողմից, ինչպես դեկանատներում, այնպես էլ էլեկտրոնային թեստային քննությունների մեկնարկից անմիջապես առաջ` համակարգչային քննասենյակներում:
Հանձնաժողովի շուրջ 10 անդամից ձևավորված կազմը ներկայացուցչական է, պրոֆեսորադասախոսական կազմից, իրավաբանից կազմված` տարիների փորձառությամբ ու գիտելիքով, ամենակարևորը` անաչառությամբ զինված:
Նշենք, հիմնադրումից ի վեր մինչև 2024 թվականի մարտը հանձնաժողովը ղեկավարել է Կենսաքիմիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Միխայիլ Աղաջանովը, ինչպես գործընկերներն են փաստում` այս կառույցի աշխատանքներում ողջ ծավալով ներդնելով մասնագիտական ու մարդկային կարողությունները: