Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Հաջողությունն ընտրում է պատրաստվածներին. ԵՊԲՀ շրջանավարտները Հիպոկրատի երդում տվեցին

Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի գիտական խորհրդի հանդիսավոր նիստը նշանավորվեց շրջանավարտների Հիպոկրատի երդումով:

ԵՊԲՀ 923 շրջանավարտ երդվեցին հավատարիմ մնալ բժշկի կոչմանը՝ հպարտությամբ կրելով բժշկի սպիտակ համազգեստը:

ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանն իր խոսքն ուղղելով շրջանավարտներին՝ նշեց, որ այսօրը հիշարժան ու խորհրդանշական է: «Ես ցանկանում եմ, որ երջանիկ լինեք՝ հիշելով, որ «Հերացի» անունը կրող բուհի շրջանավարտ եք: Ունենաք հոգեկան անդորր այլոց հոգսը կիսելու համար, եղեք առողջ, որ անպակաս հոգատարությամբ վերաբերեք ձեր հիվանդներին, ինչպես նաև բարեկեցիկ, քանի որ ձեր ճանապարհը չպետք է լինի նյութապաշտության դաշտում, այլ ծառայեք հասարակությանը»,-ասաց ռեկտորը՝ խորհուրդ տալով չմոռանալ ուսուցիչներին և համալսարանը:

ԵՊԲՀ շրջանավարտներն իրենց ողջյունի խոսքում նշեցին, որ բոլորի ջանքերի համատեղումը հենասյուն կհանդիսանա ոչ միայն բժշկության, այլև առողջապահական խնդիրների լուծման համար:

Ավարտական քննությունները հաղթահարած ուսանողները շնորհակալության խոսք ուղղեցին բոլոր նրանց, ովքեր մարմնավորում են այն ամենը, ինչը կրում է «Բժշկական համալսարան» բարձր անունը:

Նրանք հպարտությամբ շեշտեցին, որ բուհի պրոֆեսորներն ու դասախոսները կրթելով փոխանցել են գիտելիքներ, հմտություններ, բժշկական էթիկայի նորմեր՝ բացելով նոր հորիզոններ, որտեղ պետք է շարունակել մասնագիտանալ ու կատարելագործվել ողջ կյանքում, քանի որ հաջողությունն ընտրում է պատրաստվածներին:

ԵՊԲՀ շրջանավարտների ավարտական երեկոյի ընթացքում ցուցադրվեց տեսաֆիլմ, որտեղ դասախոսներն ու ուսանողները պատմում էին միասին անցած ճանապարհի մասին:

Ողջյունելով ապագա գործընկերներին՝ անվանի սրտաբան Միքայել Ադամյանն ընգծեց, որ այսօր բացվում են նոր դռներ, քանի որ յուրաքանչյուրը պետք է ընտրի նեղ մասնագիտացում, որն ամբողջ կյանքի ընթացքում կուղղորդի նրանց: «Ձեզ սպասվում է բարդ ճանապարհ: Մաղթում եմ, որ այն անցնեք պատվով ու ազնիվ, քանի որ մարդկանց վստահությունը կարելի է նվաճել միայն մասնագիտական բարձր հմտություններով ու ճիշտ շփվելու կարողությամբ»,-ասաց նա՝ վստահություն հայտնելով, որ այս սերնդի օգնությամբ հնարավոր կլինի լուծել բժշկության առաջ կանգնած բազմաթիվ խնդիրներ: ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահան Արծրունին փաստեց, որ ԵՊԲՀ յուրաքանչյուր շրջանավարտ բուհի հետ կապված է ճակատագրով: «Բուհը ձեզ տվել է ամեն ինչ, որ դուք մտնեք հասարակություն և օգտակար լինեք ինչպես ժողովրդին, ձեր ընտանիքներին, այնպես էլ մեր պետությանը»,- ասաց նա՝ շրջանավարտներին մաղթելով մասնագիտական ամենամեծ նվաճումներ: Բարձր տրամադրություն փոխանցելով ներկաներին՝ ԵՊԲՀ նախկին շրջանավարտ Արամ MP3-ը մաղթեց, որ լավ մասնագետ ու բժիշկ դառնա այս ուղին բռնած յուրաքանչյուր շրջանավարտ: Միջոցառմանն իրենց ակտիվությամբ առանձնացան ԵՊԲՀ հնդիկ շրջանավարտները՝ ազգային պարերի միջոցով ողջունելով ներկաներին:

Երեկոն եզրափակեցին 100-ամյա պատմություն ունեցող բուհի ավագ սերունդը, ովքեր ավելի քան կես դար առաջ ավարտել են բժշկական բուհը, սակայն շարունակում են լինել ակունքներում՝ կրթելով ապագա բժիշկներին:

Նշենք, որ գիտական խորհրդի հանդիսավոր նիստն այսօր կշարունակվի «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցային համալիրի պատմական շենքի բակում, որտեղ տեղի կունենա ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի 25-ամյակին նվիրված տոնակատարությունը, ինչպես նաև, ավանդույթի համաձայն, ԵՊԲՀ անվանական կրթաթոշակառուներն ու ռազմաբժշկական ֆակուլտետի շրջանավարտ կուրսանտները կստանան իրենց ավարտական դիպլոմները: