Երևանի պետական բժշկական համալսարանի երեք կրթական ծրագրերը հավատարմագրվել են Բժշկական կրթության համաշխարհային ֆեդերացիայի կողմից։ Ի՞նչ հնարավորություններ կստանան ուսանողները:
Ընդհանուր բժշկության ֆակուլտետի «Բուժական գործ» երեք ծրագրերը հավատարմագրվել են՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն: Այժմ Երևանի պետական բժշկական համալսարանի դիպլոմով շրջանավարտների համար ավելի հեշտ կլինի ուսումը շարունակել արտերկրում։
«Առաջին հերթին, կրթությունը համապատասխանեցվեց միջազգային չափանիշներին։ Երկրորդ կարևոր ասպեկտը․ այժմ մեր ուսանողներն ու դասախոսները փոխանակման ծրագրերի նոր հնարավորություններ կունենան։ Մենք կարող ենք դառնալ բժշկական կրթության խոշոր արտահանող», – նշում է ԵՊԲՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Լարիսա Ավետիսյանը։
Համալսարանական ծրագրում հայտնվել է նոր առարկա՝ «Հետազոտության հիմունքներ»։ Ավելի շատ գործնական պարապմունքներ կան։ Համալսարանն ունի երեք խոշոր հիվանդանոց: Այն համագործակցում է Հայաստանի շուրջ 30 բուժհաստատությունների հետ։
«Հիմա արդեն երկրորդ կուրսում կարող ենք ընտրել այն առարկաները, որոնք մեզ ավելի են հետաքրքրում։ Նախկինում երկու-երեքն էին, իսկ հիմա շատ են», – նկատում է ԵՊԲՀ ուսանող Համլետ Թորոսյանը։
Միջազգային հավատարմագրումը լրացուցիչ բոնուս է արտերկրից ժամանած ուսանողների համար: Այժմ Երևանի պետական բժշկական համալսարանում ուսանողների մեկ երրորդը օտարերկրացիներ են։
«Իմ հայրենիքը շատ մոտ է, ես կարող եմ հաճախ այցելել իմ ընտանիքին: Մյուս գործոնը կրթության բարձր մակարդակն է։ Դեռ չեմ որոշել՝ կմնամ, թե այլ երկիր կտեղափոխվեմ, բայց միանշանակ ուրախ եմ, որ այստեղ եմ սովորում», – ասում է իրանցի ուսանող Ալիռեզա Սանջարը։
Համալսարանը ստացել է հավատարմագրում առավելագույն յոթ տարի ժամկետով: Այդ ընթացքում նախատեսվում է է՛լ ավելի բարելավել կրթության որակը։
Այժմ աշխարհում կա մոտ չորս հազար բժշկական կրթություն տրամադրող համալսարան, սակայն դրանցից միայն 10%-ն է միջազգային կրթություն տրամադրում։
Նյութի սկզբնաղբյուրը՝ https://shorturl.at/nzBP3