Բժշկական մայր բուհի մի շարք աշխատանքների բնականոն և արդյունավետ ընթացքի ապահովման գործում կարևոր դերակատարում ունի ընդհանուր բաժինը, որն իրականացնում է փաստաթղթաշրջանառության, քաղաքացիների սպասարկման, ինչպես նաև համալսարանի բնականոն գործունեությանն ուղղված մի շարք կարևոր գործառույթներ։
Երկար տարիներ ընդհանուր բաժնի ղեկավարումը վստահված է եղել Մարինա Դանիելբեկին, ով այս կրթօջախում անցել է մասնագիտական երկարամյա և բեղուն ճանապարհ՝ իր ներդրումն ունենալով բաժնի աշխատանքների արդյունավետ կազմակերպման գործում։
Նախկինում վարչական մասնաշենքում տեղակայված ընդհանուր բաժինն այսօր գործում է համալսարանի գլխավոր մասնաշենքի առաջին հարկում։ Նոր տեղակայումը որակական փոփոխությունների և բարեփոխումների իրականացման հնարավորություն է ընձեռել՝ արդյունավետության բարձրացմանը, քաղաքացիների սպասարկման բարելավմանը։ Այս բաժնի միջոցով է կազմակերպվում նաև համալսարան այցելող բոլոր քաղաքացիների, սովորողների, այցելուների ելումուտը։
Ընդհանուր բաժինն արդեն ավելի քան մեկ տարի ղեկավարում է նախկինում նույն բաժնի մասնագետ Դավիթ Մանասյանը, որի հետ զրուցել ենք համալսարանական կարևոր այս ստորաբաժանման գործունեության մասին։
– Պարոն Մանասյան, ի՞նչ գործունեություն է իրականացնում ընդհանուր բաժինը։
– Ընդհանուր բաժինը ապահովում է համալսարանի փաստաթղթաշրջանառությունը, իրականացնում համալսարանի գործավարության միասնական, օպերատիվ և փոխկապակցված աշխատանքները:
– Որո՞նք են այն հիմնական հարցերը, որոնցով ամենից հաճախ դիմում են ընդհանուր բաժին։
– Մեր բաժին դիմում են համալսարանի գործունեությանը վերաբերող տարբեր բնույթի տեղեկատվական և կազմակերպչական հարցերով։ Ընդհանուր բաժնի աշխատակիցները նաև պատասխանում են քաղաքացիների հեռախոսազանգերին, տրամադրում անհրաժեշտ տեղեկատվություն և, ըստ անհրաժեշտության, ուղղորդում համապատասխան ստորաբաժանում։
Բաժին են դիմում նաև այն դեպքերում, երբ անհրաժեշտ է ճշտել, թե տվյալ հարցով, որ ստորաբաժանում կամ մասնագետ պետք է դիմել։ Բաժինն իրականացնում է նաև համալսարան մուտքագրվող և ելքագրվող փոստային առաքումները` ապահովելով դրանց պատշաճ ընդունումը, փոխանցումը և շրջանառությունը։
– Ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել նոր տեղակայման արդյունքում։
– Նոր տեղակայումը հնարավորություն է տվել ավելի մեծ թվով քաղաքացիների և համալսարանի աշխատակիցների անմիջական շփումն իրականացնել ընդհանուր բաժնի միջոցով։ Քաղաքացիների ելումուտը կազմակերպվում և իրականացվում է ընդհանուր բաժնի միջոցով, ինչի հետևանքով բաժնի աշխատակիցների կողմից իրականացվող տեղեկատվական, ուղղորդող և կազմակերպչական գործողությունների ծավալն ավելացել է։
– Ո՞րն է ընդհանուր բաժնի դերը համալսարանի ուսանողների, աշխատակիցների և քաղաքացիների հարցերի կարգավորման գործընթացում։
– Ընդհանուր բաժինը կարևոր դեր է կատարում համալսարանի ուսանողների, աշխատակիցների և քաղաքացիների կողմից բարձրացվող հարցերի արագ և արդյունավետ կարգավորման գործընթացում։ Այն հանդիսանում է համալսարանի և դիմող անձանց միջև հաղորդակցության կարևոր օղակ։ Բաժնի աշխատանքը նպաստում է նրան, որ ուսանողները, աշխատակիցները և քաղաքացիները կարողանան ավելի հեշտ կողմնորոշվել համալսարանի կառուցվածքում, համապատասխան ծառայություններում և իրենց հետաքրքրող հարցերի լուծման ընթացակարգերում։
Այսպիսով, ընդհանուր բաժինը նպաստում է համալսարանում կազմակերպվածության և քաղաքացիների սպասարկման արդյունավետության ապահովմանը։