Հատուկ տակտիկական ուսումնավարժություն համալսարանական հիվանդանոցում

Հատուկ տակտիկական ուսումնավարժություն համալսարանական հիվանդանոցում

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցում անցկացվել է հատուկ տակտիկական ուսումնավարժություն «Ուժեղ երկրաշարժի դեպքում պացիենտների և անձնակազմի պաշտպանության կազմակերպումը» թեմայով։

Ուսումնավարժության նպատակն էր կատարելագործել համալիրի ղեկավար կազմի ունակությունները և գործնական հմտությունները երկրաշարժի դեպքում աշխատակիցների և պացիենտների պաշտպանության հարցում, ինչպես նաև գնահատել ԱՌԿ (աղետների ռիսկի կառավարման) պլանի իրագործելիությունը:

Ուսումնավարժությանը մասնակցել են ԵՊԲՀ Արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության շտաբը, «Մուրացան» հիվանդանոցային համալիրի աղետների ռիսկի կառավարման խորհուրդը, աղետների բժշկության խումբը, ինչպես նաև բուժհաստատության աշխատակիցներն ու պացիենտները:

Գործնական հատվածում իրականացվել են տարհանման, հրդեհաշիջման և առաջին օգնության միջոցառումներ։ Պահպանության ծառայության աշխատակիցներն արդյունավետորեն իրականացրել են տարհանումը, իսկ աղետների բժշկության խմբի անդամների հետ համատեղ՝ կազմակերպել տուժածների օպերատիվ տեղափոխումը անվտանգ գոտի։

Միջոցառման ավարտին վերլուծվել են ուսումնավարժության ընթացքում ի հայտ եկած թերությունները, տրվել հանձնարարականներ դրանց վերացման ուղղությամբ։ Բացի այդ, որոշում է կայացվել կազմակերպել լրացուցիչ պարապմունքներ՝ անձնակազմի պատրաստվածության մակարդակը բարձրացնելու նպատակով։