«Հերացի» հիվանդանոցային համալիրում հուլիսի 12-ին անցկացվեց «Հրդեհի դեպքում անձնակազմի և այցելուների պաշտպանության կազմակերպումը» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի նպատակն էր կատարելագործել համալսարանական հիվանդանոցի ղեկավար կազմի և կազմավորումների ունակությունները, հրդեհի դեպքում, աշխատակիցների և պացիենտների պաշտպանության միջոցառումների գործում, ինչպես նաև ուսումնասիրել այս բուժհաստատության աղետների ռիսկի կառավարման` ԱՌԿ պլանի իրատեսությունը:
Ուսումնավարժությանը, համաձայն պլանի, մասնակիցեցին՝ ԵՊԲՀ ԱԻ և ՔՊ շտաբը, հիվանդանոցի աղետների ռիսկի կառավարման խորհուրդն ու աղետների բժշկության խումբը, աշխատակիցներն ու պացիենտները:
Իրականացվեցին հրդեհի մասին ղեկավար կազմի և անձնակազմի ազդարարում, «Հերացի» պոլիկլինիկայի անձնակացմի և այցելուների տարհանում, այդ թվում երեխաների, պոլիկլինիկայի մասնաշենքի հոսանքազրկում, պահպանության ծառայության անձնակազմի ուժերով տուժածների դուրսբերում մասնաշենքից ու հրդեհաշիջում:
Աղետների բժշկության խումբը տուժածներին՝ ոտքի կոտրվածքով, ծխահարված և այրվածքներով, ցուցաբերեց առաջին օգնություն ու տեղափոխեց համապատասխան բաժանմունքներ:
Միջոցառման ավարտին` ամփոփելով աշխատանքները, տրվեցին հանձնարարականներ ուսումնավարժության ընթացքում ի հայտ եկած թերությունների վերացման համար, ինչպես նաև աշխատակիցների պատրաստությունը բարձրացնելու նպատակով որոշվեց անցկացնել լրացուցիչ պարապմունքներ: