Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Հավատը և գիտությունը կապող մասնագիտության մեջ կարևոր է չափից շատ աշխատասիրությունն ու կատարելագործվելու ձգտումը

Հավատը և գիտությունը կապող մասնագիտության մեջ կարևոր է չափից շատ աշխատասիրությունն ու կատարելագործվելու ձգտումը

Բժշկական բուհի յուրաքանչյուր շրջանավարտ հետագա հաջողությունների նոր ուղի է նախանշում՝ իր գիտելիքներն ու փորձը առաջին հերթին բնակչության առողջության պահպանմանը ծառայեցնելու նպատակով:

Արուսիկ Կարապետյանը ԵՊԲՀ-ն այս տարի ավարտել է գերազանցությամբ: Նրա բնորոշմամբ՝ համալսարանում անցկացրած 6 տարիները անկախ դժվարություններից եղել են ձեռքբերումներով լի թե´ գիտելիքների, թե´ նոր ընկերների տեսանկյունից:

«Դեռ փոքր տարիքից բժշկի կերպարն ինձ համար եղել է ամենակատարյալը: Բժիշկները, իրոք, հերոսներ էին` ետնաբեմում աշխատող հերոսներ, ու հենց այդ ամենի ձգտումով ընտրեցի բժշկի մասնագիտությունը: Մասնագիտություն, որը կապում է հավատը և գիտությունը»,- նշում է ապագա քիթ-կոկորդ-ականջաբանը:

Բժշկի մասնագիտությունը նա ընտրել է մարդու անատոմիային առնչվող առարկանների հանդեպ սիրո շնորհիվ: Միշտ երազել է զբաղվել վիրաբուժությամբ, դուրս գալ վիրահատարանից և ասել հարազատին. «Ամեն բան լավ է անցել, կարող եք հանգիստ լինել»:

Բժիշկը Արուսիկի կարծիքով որպես մասնագետ պետք է օժտված լինի մի շարք հատկանիշներով: Նրա համար առաջնայինը մարդկային որակներն են, սերը մարդկության, հիվանդի հանդեպ: Պակաս չի կարևորում նաև բուժառուների հարազատների և բուժանձնակազմի հետ շփման կարողությունը:

«Որոշ չափով նաև պետք է սառնասրտություն, անդրդվելիություն, արագ կողմնորոշման ունակություն և, իհարկե, չափից շատ աշխատասիրություն ու կատարելագործվելու ձգտում»,- նկատում է կլինիկական օրդինատորը՝ հավելելով, որ պետք է շատ ընթերցել ու երբեք չզլանալ նոր բան սովորելուց:

Համավարակի ողջ ընթացքում որպես ապագա մասնագետ, բժշկական համալսարանի ուսանող փորձել է լուսավորչական աշխատանք կատարել ու շրջապատի մարդկանց բացատրել իրավիճակի լրջությունը, հիվանդությունը կանխարգելելու անհրաժեշտությունը:

Տեսական գիտելիքները գործնական հմտություններով նա հարստացրել է իր ծննդավայրի՝ Արտաշատի հիվանդանոցում, ինչպես նաև մայրաքաղաքի այլ բժշկական կենտրոններում:

Մասնագիտացման կողմնորոշման հարցում ևս մարզային բժշկական հաստատության ԼՕՌ բաժանմունքում ստացած փորձառությունը մեծ դեր է խաղացել: