Սեպտեմբերի 5-ին «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում շարունակվել է «Հայ-գերմանական ուռուցքաբանության դպրոցի» (ArGOS – Armenian German Oncology School) 7-րդ հանդիպումը։
Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ Բուժքույրերի միավորման նախագահ, ԵՊԲՀ Քույրական գործի կազմակերպման ամբիոնի վարիչ Գեղանուշ Ստեփանյանը, ով նաև այս համալսարանական բուժհաստատության գլխավոր բուժքույրն է։
Նա կարևորել է հանդիպումը որպես փորձի և գիտելիքի փոխանակման հարթակ՝ հույս հայտնելով, որ համագործակցությունը կլինի շարունակական։
Հանդիպմանը մասնակցել են տարբեր հիվանդանոցների քիմիոթերապիայի բաժանմունքների բուժքույրեր, իսկ զեկուցողներն եղել են հայ և գերմանացի մասնագետներ։
Քննարկվել են կենտրոնական և ծայրամասային կատետրների կիրառումը, խնամքը, դեղերի օգտագործումը, վարակների կանխարգելումը, քիմիոթերապիայից հետո պացիենտների լաբորատոր հետազոտությունների հսկողությունը, պացիենտի անվտանգությունը ուռուցքաբանական խնամքում և այլ մասնագիտական հարցեր։
«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Օնկոլոգիայի բաժանմունքի ավագ բուժքույր Անուշ Իրիցյանը զեկույց է ներկայացրել «Պորտային համակարգերի/կենտրոնական երակային կաթետրների և ծայրամասային կաթետրների խնամք և կառավարում» թեմայով։
Գերմանացի բուժքույրերը ներկայացրել են իրենց աշխատանքի կազմակերպման ընթացակարգերը և առանձնահատկությունները, իսկ հայ բուժքույրերը հարցեր են ուղղել՝ ներկայացնելով նաև տեղական փորձը։
Հանդիպման շրջանակում կարևորվել է քիմիոթերապիայի ոլորտում աշխատող բուժքույրերի շարունակական մասնագիտական զարգացումը։
Քննարկվել են նեղ մասնագիտացված կրթության կազմակերպման ձևաչափերն ինչպես Հայաստանում, այնպես էլ Գերմանիայում։
Գեղանուշ Ստեփանյանը հայտնել է, որ արդեն ներկայացրել է հայտ՝ ուռուցքաբանության և քիմիոթերապիայի ոլորտում բուժքույրերի աշխատանքի առանձնահատկություններին նվիրված 3 շաբաթյա վերապատրաստման դասընթաց անցկացնելու նպատակով։
Գերմանիայից ժամանած մասնագետները բարձր են գնահատել հայ բուժքույրերի մասնագիտական պատրաստվածությունը, հետաքրքրվածությունն ու ակտիվ մասնակցությունը հանդիպմանը։