Իսպանիայի Բարսելոնա քաղաքում մայիսի 15-16 -ին տեղի ունեցավ 2nd Global pharma and Drug delivery summit 2024 միջազգային գիտաժողովը, որին մասնակցում էին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ֆարմակոգնոզիայի ամբիոնի վարիչ՝ պրոֆեսոր Նաիրա Չիչոյանը, ամբիոնի դասախոս Նաիրա Արշակյանը և Դեղագործության կառավարման ամբիոնի պրոֆեսոր Մարգարիտ Բեգլարյանը:
Համալսարանական մասնագետները՝ գիտաժողովի ընթացքում բանավոր և պաստառային զեկույցով ներկայացրեցին ՀՀ ԳԿ -ի 21 Т – 3C263 ծածկագրով դրամաշնորհային ծրագրի շրջանակում իրականացվող «Հայաստանի ֆլորայի որոշ արժեքավոր բույսերի ֆարմակոգնոստիկ վերլուծությունը և կենսաբանական ակտիվությունը» խորագրով հետազոտական աշխատանքը, որի համահեղինակներն էին Դեղագործության կառավարման ամբիոնի պրոֆեսոր Մ. Բեգլարյանը, Հայկենսատեխնոլոգիա ԳԱԿ-ի կաթնաթթվային բակտերիաների հետազոտման լաբորատորիայի վարիչ Լուսինե Դանիելյանը, Հայկենսատեխնոլոգիայի ինստիտուտի պրոֆեսոր Հրաչյա Հովհաննիսյանը, ինչպես նաև, Դեղագիտական ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանողուհիներ՝ Շառլոտտա Դիլոյանը, Մոնիկա Գաբոյանը, Լուսինե Դարբինյանը:
Գիտաժողովին մասնակցում էին ԱՀԿ-ի փորձագետներ, հանրային առողջապահության և դեղագործական ոլորտի բարձրակարգ մասնագետներ դեղագործության կառավարման մասնագետներ, Եվրոպական դեղագրքային կոմիտեի անդամներ, Իսպանիայի, ԱՄՆ-ի, Դանիայի, Սերբիայի, Շվեյցարիայի, Միացյալ թագավորության համալսարանների պրոֆեսորներ:
Մասնակիցներից մի քանիսին հետաքրքրել է Հայաստանի ֆլորայի բուսականությունը և նրանք պատրաստակամություն են հայտնել համագործակցել Հայաստանի ֆլորայի բուսահումքերի կենսաբանական ակտիվության ուսումնասիրությանը: