Բժշկական մայր բուհում տեղի ունեցավ «ՀԵՆԱՐ»-ի Առողջապահության ոլորտի մասնագետների կրթության (HPE) ծրագրի առաջին տարվա ավարտական և պարգևատրման արարողությունը, որին մասնակցեցին ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Լուսինե Գրիգորյանը, ԵՊԲՀ հետբուհական և շարունակական կրթության գծով պրոռեկտոր Գառնիկ Ավետիսյանը, «ՀԵՆԱՐ» հիմնադրամի համահիմնադիր Արման Ոսկերչյանը, Բոստոնի համալսարանի ներկայացուցիչները։
Միջոցառման ընթացքում համալսարանական երեք բժիշկ-դասավանդողներ՝ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի Ինֆեկցիոն հիվանդությունների կլինիկայի ղեկավար, ԵՊԲՀ ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի դասախոս, Մանկաբուժության դպրոցի ղեկավար Հռիփսիմե Ապրեսյանը, նույն կլինիկայի բժիշկ, ասիստենտ Սուրեն Բրուտյանը, դոցենտ, «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի բժիշկ Ալվարդ Հովհաննիսյանը, ներկայացրին Բոստոնի համալսարանում իրենց ուսումնառության ընթացքում ձեռք բերած գիտելիքն ու փորձը, ինչպես նաև ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքներն ու ամենակարևորը՝ արդյունքները։
Հանդիսավոր միջոցառման ընթացքում նրանց հանձնվեցին ավարտական վկայականները։
Ծրագիրը հնարավորություն է ընձեռել մասնակիցներին ծանոթանալու ժամանակակից կրթական մոտեցումներին և ձեռք բերած փորձը հետագայում կիրառելու բժշկական կրթության գործընթացում։ Միջոցառումը ևս մեկ կարևոր քայլ էր «ՀԵՆԱՐ» հիմնադրամի, Բոստոնի համալսարանի և ԵՊԲՀ-ի միջև համագործակցության ամրապնդման և Հայաստանում բժշկական կրթության զարգացման ուղղությամբ։