HISTOVISION 2025 հյուսվածաբանական վիկտորինան ամփոփեց արդյունքները

HISTOVISION 2025 հյուսվածաբանական վիկտորինան ամփոփեց արդյունքները

Բժշկական համալսարանում նոյեմբերի 27-ին անցկացվեց HISTOVISION 2025 հյուսվածաբանական վիկտորինան, որը կազմակերպվել էր Հյուսվածաբանության ամբիոնի և Կարիերայի զարգացման կենտրոնի կողմից:

Մրցույթին մասնակցում էր հինգ թիմ, որոնցից յուրաքանչյուրն ուներ հինգ մասնակից:

Հայ և օտարերկրացի ապագա բժիշկները ստուգեցին գիտելիքն ու հմտությունները միկրոանատոմիայի և հյուսվածաբանական շերտապատկերների ասպարեզում:

Հյուսվածաբանության ամբիոնի վարիչ Կարմեն Սահակյանի խոսքով` միջոցառման նպատակն էր նպաստել 1-3 կուրսի ուսանողների` գիտելիքի ամրապնդմանը, կլինիկական մտածելակերպի զարգացմանը, իսկ արդեն բարձր կուրսի ուսանողները կարողացան տեսական առարկաները համադրել կլինիկական առարկաների հետ, արագ կողմնորոշվել իրավիճակային խնդիրների լուծման հարցում։ «Կարծում եմ` մրցույթն ապագայում նաև հիմք կծառայի ապագա բժիշկների թիմային աշխատանքը պատշաճ կազմակերպելու գործում», – հավելեց նա։

Օտարերկրյա ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի ղեկավար, Հյուսվածաբանության ամբիոնի հրավիրյալ դասախոս Ռահուլ Անիլ Սետհին ընդգծեց, որ հնարավորություն ունեցավ աշխատելու տարբեր երկրներից և մշակութային միջավայրերից ժամանած ուսանողների հետ: «Եվ ես զարմացած եմ այն եռանդով, որ նրանք ունեն գիտելիքը յուրացնելու, բարդ հասկացությունները ընկալելու և դրանք բժշկության ոլորտում կիրառելու ուղղությամբ, և այս վիկտորինան հետագայում ևս հարթակ կհանդիսանա միջազգային ուսանողների համար՝ ցուցադրելու և կիսելու իրենց գիտելիքն ու շնորհը», – շեշտեց համալսարանականը։

Մրցույթին ներկա էին Միջազգային գործունեության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանը, Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Լարիսա Ավետիսյանը, Զարգացման և մարքեթինգի գծով պրոռեկտոր Խաչատուր Մարգարյանը, Օտարերկրացիների ուսուցման աշխատանքների դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Անահիտ Ազնաուրյանը, Կարիերայի զարգացման կենտրոնի ղեկավար Սաթենիկ Թորոսյանը, Ուսանողական խորհրդարանի նախագահ Միշել Քոչարյանը:

Միջոցառման ավարտին հաղթողները ստացան հավաստագրեր և մրցանակներ: