Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Էմիլ Գաբրիելյանի անունը կրող 4-րդ լսարանը հուլիսի 28-ին, լցված էր տոնական շնչով:
Ուսումնառությունից 20 տարի անց հարազատ բուհը հյուրընկալել էր Ընդհանուր բժշկության ֆակուլտետի առաջին ուսանողներին և համապատասխանաբար առաջին շրջանավարտներին։
1999 թվականին Ընդհանուր բժշկության ֆակուլտետը միավորեց մինչ այդ գործող «Բուժական գործ», «Մանկաբուժություն» և «Բուժկանխարգելում» ֆակուլտետները, իսկ 2005 թվականին ունեցավ առաջին շրջանավարտներին։
Գիտության գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանը նույնպես այդ շրջանավարտների շարքում էր՝ հանդիսանալով Մխիթար Հերացու անվան առաջին կրթաթոշակառուն։
Նրա խոսքով՝ կուրսում մեծ թիվ էին կազմում կարմիր դիպլոմով ավարտողները, չկային անվանական կրթաթոշակառուների թափուր տեղեր։
«Ինձ շատ հաճելի է, որ հիմա ես և մեր կուրսից շատերն աշխատում ենք մեր մայր բուհում։ Այսօր նորից հավաքվել ենք այստեղ՝ 4-րդ լսարանում և այս պատերի ներքո նորից մեզ զգում ենք որպես ուսանող», – ոգևորությամբ կիսվեց Կոնստանտին Ենկոյանը։
Նույն կուրսի շրջանավարտ, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի ախտորոշիչ կենտրոնի ղեկավար, բժիշկ-ճառագայթաբան Մարիաննա Գևորգյանի փոխանցմամբ՝ 20 տարի անց առաջին անգամ հանդիպելու նպատակով բժշկական բուհ էին ժամանել ոչ միայն մեր երկրում, այլև Ռուսաստանում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Ավստրիայում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում տարիներ շարունակ կայացած և ճանաչված մասնագետներ։
Մոտ 70 բժիշկ հավաքվել էր մայր բուհի հյուրընկալ տանիքի ներքո՝ վերհիշելու և վերապրելու ուսանողական անփոխարինելի տարիները, առանցքային իրադարձությունները, որոնք անջնջելի կմնան նրանցից յուրաքանչյուրի կյանքում։
Միջազգային գործունեության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանը բուհի և ռեկտոր Արմեն Մուրադյանի անունից ողջունեց և շնորհավորեց շրջանավարտներին հոբելյանական հանդիպման առիթով։
«20 տարի առաջ ձեր ամբողջ կուրսը և ձեզանից յուրաքանչյուրն՝ առանձին-առանձին, գրեց մեր համալսարանի պատմության՝ 2005 թվականի էջը։ Եվ մինչև հիմա դուք շարունակում եք լրացնել այդ պատմությունը։ Մենք բոլորս՝ համալսարանի շրջանավարտներս, երբեք չենք մոռանա մեր ուսանողական տարիները։ Հիմա դուք դարձել եք հեղինակություն ձեռք բերած մասնագետներ, կազմել եք ընտանիք, ունեք երեխաներ, բայց դա չի խանգարում ձեզ հավաքվել այստեղ և կիսվել հիշողություններով։ Թող կյանքը միշտ ջերմ հիշողություններ և մասնագիտական հաջողություններ պարգևի ձեզ», – մաղթեց պրոռեկտորը։
Իսկ բացակա շրջանավարտները տեսաուղերձներով ողջունեցին արդեն նախկին համակուրսեցիներին և ներկա գործընկերներին: