Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նախաձեռնությամբ 2000 թվականից հոկտեմբերի երկրորդ հինգշաբթին նշվում է որպես Տեսողության համաշխարհային օր: Այս տարի օրը կնշվի հոկտեմբերի 14-ին։
Կազմակերպվող միջոցառումների նպատակն է անդրադառնալ կուրության և տեսողության խանգարման խնդրին` կոչ անելով կառավարություններին, աողջապահության նախարարություններին և հասարակությանը համախմբել ուժերը տեսողության խնդիրներ ունեցող անձանց վիճակի բարելավմանն ուղղված աշխատանքների ուղղությամբ:
ԱՀԿ տվյալների համաձայն` աշխարհի բնակչության շուրջ 1,3 միլիարդն ունի տեսողության խանգարում, որից 36 միլիոնը կույր է: 40 տարեկանից բարձր յուրաքանչյուր վեցերորդի և 80 տարեկանից բարձր անձանց ճնշող մեծամասնության մոտ հայտնաբերվում է կատարակտա: Դպրոցական տարիքի երեխաների մոտ կարճատեսության տոկոսը կազմում է շուրջ 20%, ուսանողների շրջանում` մինչև 40%:
Տեսողության համաշխարհային օրն այս տարի անց է կացվում «Սիրեք ձեր աչքերը» խորագրի ներքո: