Օստեոպորոզի զարգացման հիմնական ռիսկի գործոնները՝ իգական սեռը և 50 տարեկանից բարձր տարիքը

Օստեոպորոզի զարգացման հիմնական ռիսկի գործոնները՝ իգական սեռը և 50 տարեկանից բարձր տարիքը

Հոկտեմբերի 20-ը նշվում է որպես Օստեոպորոզի դեմ պայքարի համաշխարհային օր: 2026 թվականի արշավի թեման է` «Կառուցե’ք, պաշտպանե’ք և ամրացրե’ք Ձեր ոսկրերը ողջ կյանքի ընթացքում», որն ընդգծում է ոսկրերի առողջության կարևորությունը` անկախ տարիքից:

Մանկության ընթացքում ամուր ոսկրերի ձևավորումը, հասուն տարիքում դրանց պահպանումը  կարևոր է օստեոպորոզից պաշտպանության և հետագայում կոտրվածքների կանխարգելման համար:

Օստեոպորոզը ոսկրային համակարգի քրոնիկ, հարաճուն հիվանդություն է, որի դեպքում ոսկրերը կորցնում են իրենց խտությունն ու ամրությունը` դառնալով ծակոտկեն ու փխրուն, ինչը մեծացնում է կոտրվածքների ռիսկը։  Ուստի, օստեոպորոզի ծանր հետևանքների պատճառով այս հիվանդությունը և դրա հետ կապված կոտրվածքների կանխարգելումը կարևոր է տարեցների առողջության, կյանքի որակի և ինքնուրույնության պահպանման համար:

Հարկ է նշել, որ օստեոպորոզը պայմանավորված է դաշտանադադարի ընթացքում հորմոնալ փոփոխություններով: Էստրոգենները կարևոր նշանակություն ունեն հասուն տարիքում ոսկրային զանգվածի պահպանման գործում, այդ իսկ պատճառով ոսկրային հյուսվածքի խտության նվազեցումը կապված է էստրոգենի մակարդակի նվազման հետ` սովորաբար 50 տարեկանից հետո:

Օստեոպորոզով պայմանավորված ոսկրերի փխրուն կոտրվածքները զգալի և աճող տնտեսական բեռ են աշխարհում առողջապահական համակարգերի համար: 50 և բարձր տարիքի յուրաքանչյուր երրորդ կին և յուրաքանչյուր հինգերորդ տղամարդ ունենում է օստեոպորոզի կոտրվածքներ:

Օստեոպորոզի զարգացման ռիսկի գործոն են սեռը` գերակշռում է կանանց շրջանում, տարիքը` 50 տարեկան և բարձր տարիք: Օստեոպորոզի բարձր տարածվածություն է դիտվում ասիացիների շրջանում: Կարևոր ռիսկի գործոն են անառողջ ապրելակերպը` ալկոհոլի, ծխախոտի օգտագործումը, սուրճի չարաշահումը, անբավարար ֆիզիկական ակտիվությունը, ինչպես նաև ստամոքսի վիրահատությունը, մարմնի ցածր քաշը, քրոնիկ հիվանդությունները, վաղաժամ դաշտանադադարը,  ընտանեկան պատմությունը:

Հիմնական ախտանիշները ներառում են ոսկրերի դեֆորմացիաները, ողնաշարի, դաստակի և ազդրի կոտրվածքները, աճի դանդաղումը: Օստեոպորոզի դեպքում նույնիսկ աննշան հարվածի կամ հանկարծակի շարժման արդյունքում կարող են առաջանալ կոտրվածքներ` դառնալով կյանքին սպառնացող վտանգ, երկարատև հաշմանդամության հիմնական պատճառ: Ազդրի կոտրվածքները հիվանդության հիմնական պատճառն են։ Ազդրի կոտրվածքից հետո մեկ տարվա ընթացքում մահաբերությունը կազմում է 23-30%: Չնայած կոտրվածքների նվազեցման ոլորտում արդյունավետ առաջընթացին` տղամարդկանց և կանանց փոքրամասնությունն է բուժում ստանում: Օստեոպորոտիկ կոտրվածքներով հիվանդների միայն 20%-ի մոտ է այն ախտորոշվում կամ բուժվում:

Օստեոպորոզի կանխարգելման համար մասնագետներն առաջարկում են 5 քայլ առողջ ոսկրեր և առանց կոտրվածքների ապագա ունենալու համար:

  1. Ֆիզիկական վարժություններ` անհրաժեշտ է լինել ակտիվ և կանոնավոր մարզվել, պահպանել ոսկրերն ու մկանները շարժման մեջ` մկանային զանգվածը և ոսկրերի խտությունը մեծացնելու և մարմնի քաշը, հավասարակշռությունը պահպանելու համար:
  2. Առողջ սնունդ` սննդակարգը պետք է հարստացնել ոսկրերի համար օգտակար նյութերով` կալցիում, վիտամին D, սպիտակուց: Արևի անվտանգ ազդեցությունը նպաստում է բավարար քանակությամբ վիտամին D ստանալուն:
  3. Կենսակերպ` անհրաժեշտ է խուսափել ապրելակերպի վատ սովորություններից, սահմանափակել ալկոհոլի, կոֆեինի օգտագործումը և դադարեցնել ծխելը: Առողջ ապրելակերպը քրոնիկ հիվանդությունների լավագույն կանխարգելումն է:
  4. Ռիսկի գործոնների բացահայտումը` անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ, եթե նախկինում ունեցել եք կոտրվածքներ, օստեոպորոզի ընտանեկան պատմություն կամ օգտագործում եք որոշակի դեղեր, որոնք ազդում են ոսկրերի առողջության վրա: 50 տարեկանից բարձր անձինք մեկ կամ մի քանի ռիսկի գործոններ ունենալու դեպքում պետք է խորհրդակցեն բժշկի հետ` գնահատելու ոսկրերի առողջությունը:
  5. Հետազոտություն և բուժում` անհրաժեշտության դեպքում կատարել հետազոտություն և բուժում: Բարձր ռիսկի խմբի անձանց` բացի կենսակերպի փոփոխություններց, անհրաժեշտ են նաև դեղամիջոցներ կոտրվածքները կանխելու համար: Առաջարկվում են հավելումներ, դեղեր և վիրահատություն: