Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Հովհաննես Մանուկյանը «Մխիթար Հերացու անվան» կրթաթոշակի արժանանալն աշխատասիրության արդյունք է համարում

Հովհաննես Մանուկյանը «Մխիթար Հերացու անվան» կրթաթոշակի արժանանալն աշխատասիրության արդյունք է համարում

2021-2022 ուսումնական տարվա «Մխիթար Հերացու անվան» կրթաթոշակի արժանացել է ընդհանուր բժշկության ֆակուլտետի ուսանող Հովհաննես Մանուկյանը: Ապագա բժիշկը բժշկական համալսարանը համարում է իր նախասիրությունների տրամաբանական շարունակությունը, իսկ դժվարությունները հաղթահարելու ձգտումը հաջողության հասնելու երաշխիքը:

«Բնագիտական առարկաները դեռ փոքր տարիքից հետաքրքրում էին ինձ: Բժշկությունն իմ հետաքրքրությունների համադրությունն է»,-ասում է անվանական կրթաթոշակառուն՝ կարևորելով նպատակի ընտրությունը:

Նրա խոսքով՝  բարձր գնահատականներով սովորելը բարդ չէ, եթե ուսանողի գլխավոր նպատակն ու ցանկությունը նշված առարկան հասկանալն ու ըմբռնելն է:

Ընդհանուր բժշկության ֆակուլտետի ուսանողը նշում է՝ եթե սովորողը գիտակցում է մասնագիտության լրջությունը և հետագայում չի ցանկանում հիասթափեցնել առաջին հերթին ինքն իրեն, գերազանց առաջադիմությամբ սովորելն ինքնըստինքյան ստացվում է:

«Պետք է գիտակցել, որ այսօրվա սերտած դասը վաղվա հիվանդի վրկության երաշխիքն է»,- հավելում է Հովհաննես Մանուկյանը:

Ապագա բժիշկն անվանական կրթաթոշակի արժանանալը համարում է պարտավորեցնող՝ վերհիշելով, որ ցածր կուրսերում, երբ տեղյակ չէր անվանական կրթաթոշակի հավակնորդ դառնալու չափանիշների մասին, բուհում սովորել է նույն կերպ՝ ինչպես որ հիմա:

«Հետևաբար, կրթաթոշակը համարում եմ ոչ թե առաջնային նպատակ, այլ ուղղակի աշխատասիրության արդյունք»,- հավելում է նա:

«Մխիթար Հերացու անվան» կրթաթոշակառուն ապագա բժիշկներին խորհուրդ է տալիս կյանքում շեշտն առավելագույնս դնել սովորելու վրա՝ վստահ լինելով, որ իրենց աշխատանքն աննկատ չի մնա:

Խոսելով մասնագիտացման ընտրության և որպես բժիշկ կայացման ճանապարհ անցնելու մասին՝ Հովհաննես Մանուկյանը նշում է, որ դեռ առաջին կուրսից ցանկություն է հայտնել նյարդավիրաբուժությունը ընտրել որպես նեղ մասնագիտացում:

«Մասնագիտական կայացման ճանապարհը բարդ է բոլորի համար, ուստի կայացման հստակ ճանապարհ գծելը նույնպես անհնար է»,-եզրափակում է բժշկական բուհի անվանական կրթաթոշակառուն: