Պատվաստումները ժամանակակից հանրային առողջապահության ամենաարդյունավետ ձեռքբերումներից են։ Նոյեմբերի 10-ը՝ Իմունականխարգելման համաշխարհային օրը, հենց այն առիթն է ընդգծելու, որ ժամանակին կատարված պատվաստումը ոչ միայն անհատական պաշտպանության միջոց է, այլև հանրային առողջության պահպանման կարևորագույն բաղադրիչ։ Այսօր շատ հիվանդություններ այլևս չեն առաջացնում այն վախերը, որոնք կային ընդամենը մի քանի տասնամյակ առաջ։ Մարդիկ հազվադեպ են տեսնում պոլիոմիելիտի հետևանքով առաջացած կաթված, դիֆթերիայի ծանր ընթացք կամ կարմրուկի կյանքին սպառնացող բարդություններ։ Սակայն այս հիվանդությունները չեն անհետացել ինքնուրույն։ Դրանց տարածման նվազումը մեծապես պայմանավորված է տարիներ շարունակ իրականացված պատվաստումներով։
Պատվաստման հիմնական նպատակը մարդու իմունային համակարգին տվյալ հարուցչին նախապես ճանաչելու և դրա դեմ պաշտպանություն ձևավորելու հնարավորություն տալն է։ Պատվաստանյութը էականորեն նվազեցնում է հիվանդության ծանր ընթացքը, բարդությունները, հոսպիտալացման և մահվան վտանգը։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ այսօր պատվաստանյութեր կան ավելի քան 30 վտանգավոր հիվանդությունների դեմ, իսկ իմունականխարգելումն ամեն տարի կանխում է շուրջ 3.5–5 միլիոն մահ։ Վերջին 50 տարվա ընթացքում հիմնական պատվաստումների շնորհիվ աշխարհում փրկվել է առնվազն 154 միլիոն մարդու կյանք։ Նրանցից ավելի քան 100 միլիոնը եղել են նորածիններ և մանկահասակ երեխաներ։ Սա նշանակում է, որ շուրջ հինգ տասնամյակ պատվաստումների շնորհիվ յուրաքանչյուր րոպե միջինում փրկվել է վեց կյանք։ Փրկված կյանքերի զգալի մասը կապված է կարմրուկի դեմ պատվաստանյութի կիրառման հետ։ Այնուամենայնիվ, բոլոր երեխաները դեռևս չունեն պատվաստումների հավասար հասանելիություն։ ԱՀԿ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի 2025 թվականի գնահատականների համաձայն՝ աշխարհում երեխաների 90 տոկոսը ստացել է դիֆթերիայի, փայտացման և կապույտ հազի դեմ պատվաստանյութի առնվազն մեկ դեղաչափը, իսկ 85 տոկոսը՝ ամբողջական երեք դեղաչափը։ Միևնույն ժամանակ, շուրջ 13.5 միլիոն երեխա կյանքի առաջին տարում չի ստացել որևէ պլանային պատվաստում։ Նրանց անվանում են «Զրոյական դեղաչափով» երեխաներ։
Այս ցուցանիշների հետևում հաճախ կանգնած են ոչ միայն առողջապահական համակարգի խնդիրները, այլև պատերազմները, տեղահանությունը, աղքատությունը, բուժօգնության դժվար հասանելիությունը և պատվաստումների վերաբերյալ տարածվող ապատեղեկատվությունը։
Պատվաստումներով ձեռք բերված հաջողությունը երբեմն կարող է ստեղծել կեղծ ապահովության զգացում։ Երբ մարդիկ այլևս չեն հանդիպում տվյալ հիվանդությանը, կարող է տպավորություն առաջանալ, թե դրա դեմ պատվաստվելու անհրաժեշտությունն էլ չկա։ Սակայն պատվաստումային ընդգրկվածության նվազումից հետո նախկինում վերահսկվող վարակները կարող են կրկին տարածվել։
2024 թվականին ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում գրանցվել է կարմրուկի ավելի քան 125 հազար և կապույտ հազի շուրջ 300 հազար դեպք։ Կարմրուկի դեպքերի թիվը նախորդ տարվա համեմատ կրկնապատկվել էր, իսկ կապույտ հազինը՝ ավելացել ավելի քան երեք անգամ։ Միաժամանակ, տարածաշրջանի երկրների կեսից ավելին չէր ապահովել կարմրուկի և դիֆթերիայի, փայտացման ու կապույտ հազի դեմ անհրաժեշտ 95 տոկոս պատվաստումային ընդգրկվածությունը։
Հատկապես կարմրուկի դեպքում անհրաժեշտ է երկու դեղաչափով առնվազն 95 տոկոս ընդգրկվածություն՝ հիվանդության բռնկումները կանխելու համար։ Վարակը չափազանց արագ է տարածվում, և պատվաստումային բացերը կարող են կարճ ժամանակում հանգեցնել մեծ թվով հիվանդացության դեպքերի։
Հայաստանում իմունականխարգելման ցուցանիշները համեմատաբար բարձր են։ ԱՀԿ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ 2025 թվականի տվյալների համաձայն՝
ՅՈՒՆԻՍԵՖ-ի գնահատմամբ՝ 2025 թվականին Հայաստանում որևէ պլանային պատվաստում չստացած՝ «Զրոյական դեղաչափով» երեխաների թիվը 500-ից պակաս է եղել։
ԱՀԿ-ի տվյալների շտեմարանի համաձայն՝ 2025 թվականին Հայաստանում արձանագրվել է կարմրուկի 45 և կապույտ հազի 22 դեպք։ Նույն տարում դիֆթերիայի, կարմրախտի և փայտացման դեպքեր չեն արձանագրվել։ Հայաստանի վերջին կարևոր ձեռքբերումներից է նաև հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին հասնելը։ Հայաստանը դարձել է այդ ցուցանիշին հասած և արդյունքը վավերացրած 11 երկրներից մեկը։ Երեխաների շրջանում սուր հեպատիտ B-ի դեպքերի բացակայությունը երկար տարիներ շարունակվող պատվաստումների արդյունք է։
Իմունականխարգելումը չի ավարտվում մանկական օրացույցով։ Որոշ պատվաստումներ կամ կրկնապատվաստումներ կարող են անհրաժեշտ լինել նաև դեռահասներին և մեծահասակներին՝ կախված տարիքից, մասնագիտությունից, առողջական վիճակից, նախկինում ստացած դեղաչափերից և ճանապարհորդության ուղղությունից։ Առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնեն բուժաշխատողները, տարեցները, քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք, հղիություն պլանավորող կանայք և վարակման բարձր ռիսկ ունեցող մարդիկ։ Անհրաժեշտ պատվաստումները յուրաքանչյուր դեպքում պետք է որոշվեն ազգային օրացույցի և բուժաշխատողի խորհրդատվության հիման վրա։
Եթե որևէ դեղաչափ բաց է թողնվել, դա սովորաբար չի նշանակում, որ ամեն ինչ պետք է սկսել սկզբից։ Պետք է դիմել առողջության առաջնային պահպանման օղակ, ներկայացնել առկա պատվաստումային տվյալները և բուժաշխատողի հետ կազմել լրացուցիչ կամ շարունակական պատվաստումների պլան։
Պատվաստումից հետո արձանագրված յուրաքանչյուր առողջական խնդիր դեռ չի նշանակում, որ այն առաջացել է հենց պատվաստանյութից. նման դեպքերը ենթակա են մասնագիտական գնահատման և մշտադիտարկման։ Կարևոր է հարցերի պատասխանները ստանալ բժշկից կամ վստահելի առողջապահական աղբյուրներից։ Սոցիալական ցանցերում արագ տարածվող չստուգված տեղեկությունը երբեմն ավելի արագ է հասնում մարդկանց, քան գիտականորեն հիմնավորված պարզաբանումը։ Այդ պատճառով բուժաշխատողի հետ անկեղծ զրույցը իմունականխարգելման ծրագրի նույնքան կարևոր մասն է, որքան պատվաստանյութի առկայությունը։
Բարձր պատվաստումային ընդգրկվածությունն օգնում է սահմանափակել վարակների տարածումը և պաշտպանել նաև նրանց, ովքեր տարիքի կամ առողջական հակացուցումների պատճառով տվյալ պահին չեն կարող պատվաստվել։
Պատվաստումների շնորհիվ ձեռք բերված արդյունքները պահպանելու համար անհրաժեշտ է շարունակական աշխատանք՝ հասանելի ծառայություններ, ճշգրիտ տվյալներ, բնակչության վստահություն և յուրաքանչյուր բաց թողնված պատվաստման ժամանակին լրացում։
Յուրաքանչյուր թվի հետևում կա երեխա, ընտանիք և մի հիվանդություն, որը հնարավոր է եղել կանխել։