ԵՊԲՀ ուսանողները յուրաքանչյուր ուսումնական տարի բացառիկ հնարավորություն ունեն ստանալու անվանական կրթաթոշակներ: Այս տարի ևս ապագա բժիշկները կշնորհվեն բժշկագիտության բնագավառում հայտնի երախտավորների անվան կրթաթոշակներ:
Բժշկական համալսարանում անվանական կրթաթոշակներ են սահմանված հիմնականում անվանի բժիշկ-գիտնականների, բժշկապետերի անուններով՝ «Մխիթար Հերացու», «Վահան Արծրունու», «Հակոբ Հովհաննիսյանի», «Գրիգոր Արեշյանի», «Լևոն Հովհաննիսյանի», «Ռուբեն Յոլյանի», «Բարդուղիﬔոս Ֆանարջյանի», «Լևոն Օրբելու», «Կառլեն Եսայանի», «Էմիլ Գաբրելյանի», ինչպես նաև պատերազմի հերոս «Մերուժան Ստեփանյանի» անվան:
Բժշկական բուհի այն ուսանողները, որոնք ուսումնառության ընթացքում ունեն բացարձակ գերազանց առաջադիմություն, տպագրված գիտական աշխատանքներ, օտար լեզվի իմացություն, մասնակցություն առարկայական հանրապետական, ﬕջազգային մրցույթների, օլիմպիադաների, ուսանողական գիտական նստաշրջանների, մասնակցություն ֆակուլտետների, համալսարանի ուսանողական, հասարակական աշխատանքներին, կարող են լինել անվանական կրթաթոշակի հավակնորդներ:
Նշենք, որ նախորդ ուսումնական տարի բուհը համալրվեց ևս երկու նոր անվանական կրթաթոշակով՝ «Գագիկ Բեգլարյանի» և «Գուրգեն Բադալյանի», որոնք տրվում են հավակնորդներին տվյալ գիտնականի ընտանիքի ջանքերով` բուհի հետ համագործակցությամբ՝ սովորողների առջև դնելով վերոնշյալ պահանջները:
Անվանական կրթաթոշակների տրամադրումը նպաստավոր պայմաններ է ստեղծում, որպեսզի սովորողները ձեռքբերումներ ունենան կրթության, գիտության մեջ, նպաստում է նրանց առաջադիմությանը, կարգապահությանը, լեզուների իմացությանը:
Այս կրթաթոշակներին զուգահեռ ուսանողներին պարբերաբար հատկացվում են նաև խրախուսական այլ կրթաթոշակներ՝ բուհի և տարբեր հիմնադրամների հետ համագործակցությամբ: