Ինչպես արդեն նշել էինք մեր նյութերից մեկում, «Հերացի» վերլուծական կենտրոնը փոքրիկ հարցման միջոցով փորձել էր պարզել մեր հայրենակիցների ֆիզիկական ակտիվության մակարդակը: Հարցման մասնակիցներին խնդրել էինք նշել իրենց սեռը, տարիքը, մասնագիտությունը, սոցիալական կարգավիճակը և ամենակարևորը, թե շաբաթական մոտավորապես քանի րոպե են տրամադրում ֆիզիկական ակտիվությանը` լինի դա սովորական զբոսանք, արագ քայլք, վազք, սպորտդահլիճում կամ տանը կատարվող մարմնամարզություն կամ ակտիվ պարապմունքներ: Ինչպես նաև խնդրել էինք նշել, թե հինականում ի՞նչ խոչընդոտներ կան, որոնք խանգարում են ֆիզիկապես ակտիվ լինելուն:
Հիշեցնենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս շաբաթական 150 րոպե տրամադրել միջին ինտենսիվության ֆիզիկական ակտիվությանը կամ 75 րոպե բարձր ինտենսիվության կամ համարժեք ֆիզիկական ակտիվությանը: Նույն աղբյուրի համաձայն աշխարհում 1.8 միլիարդ չափահաս մարդ բավարար ֆիզիկական ակտիվություն չի ստանում’ արդյունքում, լուրջ հիվանդությունների, այդ թվում՝ սրտանոթային համակարգի հիվանդությունների, 2-րդ տիպի շաքարային դիաբետի և քաղցկեղի որոշ տեսակների ռիսկը մեծանում է:
Ամփոփելով մեր կատարած հարցման արդյունքները (53 մասնակից) կարող ենք նշել, որ մեր հայրենակիցները բավարար մակարդակի ֆիզիկական ակտիվություն չեն ցուցաբերում: Այսպես` 24.6%-ն ընդհանրապես ժամանակ չի տրամադրում ֆիզիկական ակտիվությանը, 12.3%-ը շաբաթական ընդամենը 1 ժամ է ֆիզիկապես ակտիվ լինում, 16.8%-ը` 15-30 րոպե, 18.9%-ը 100-150 րոպե են հատկացնում մարզվելուն, 25.2%-ը բավականին շատ ժամանակ են շաբաթական ֆիզիկապես ակտիվ լինում, մասնավորապես` 3-6 ժամի միջակայքում, իսկ 2.2%-ը դժվարացել են ժամանակ նշել:
Նշենք, որ մասնակիցների 80.8%-ը կանայք են, իսկ տղամարդիկ կազմում են հարցման համապատասխանաբար 19.2%-ը: Տարիքային բաշխումը հետևյալ տեսքն ունի` 35-55 տարեկան` 61.5%, 18-35 տարեկան` 30.8%, 55-65 տարեկան` 5.8%, 65≥1.9%:
Հարցմանը մասնակցած քաղաքացիների 84%-ն աշխատում են, 14%-ը ուսանող են են, 2%-ը չեն աշխատում:
Հետաքրքիր են նաև պատճառները, որոնք խոչընդոտում են մարդկանց` ֆիզիկապես ակտիվ լինելուն: Հարցման մասնակիցների կեսից ավելին` 52%-ը որպես պատճառ նշել է ժամանակի սղությունը, 22%-ը` աշխատանքի նստակյաց բնույթը, 10%-ի մոտ պատճառները այլ են եղել (չեն նշել), 8%-ի մոտ պատճառը մարզասրահների ոչ մատչելի լինելու փաստն է, 6%-ը պարզապես ցանկություն չունի ակտիվ ապրելակերպ վարելու, իսկ 2%-ի մոտ ֆինանսական միջոցների անբավարարությունն է պատճառ հանդիսանում:
Մենք լիահույս ենք, որ մեր հայրենակիցները առողջ ապրելակերպի կողմնակից են, որի անբաժան մասն է կազմում ֆիզիկական ակտիվությունը, ուստի պարզապես խորհուրդ ենք տալիս հնարավորինս շատ ֆիզիկապես ակտիվ լինել, որի շնորհիվ կխուսափեք և ավելորդ քաշից, և կնվազեցնեք բազմաթիվ հիվանդությունների առաջացման հնարավոր ռիսկերը:
Եղե՛ք առողջ և մշտապես իրազեկված: