«Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի ռեկտորի մրցութային ընտրության արդյունքները հաստատվեցին ՀՀ կառավարության այսօրվա նիստում:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը` ՀՀ վարչապետին և կառավարության անդամներին ներկայացնելով դեկտեմբերի 15-ին անցկացված մրցույթի արդյունքները նշեց, որ ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում միաձայն ընտրվել է պրոֆեսոր Արմեն Մուրադյանը:
ԵՊԲՀ ռեկտորը շնորհակալություն հայտնեց ՀՀ կառավարությանը այս տարիներին աջակցության համար:
«Միջազգայնացման գործընթաց է ընթանում ոչ միայն ուսումնական գործընթացում, այլև մեր առջև դրել ենք հավակնոտ ծրագիր` զարգացնել կլինիկական ուղղությունը միջազգային դաշտում: Այս պահին արդեն պատրաստ է «Ուղեղի կենտրոնը», որը կբացվի մեկ ամսվա ընթացքում»,- նշեց ԵՊԲՀ ռեկտորը` հավելելով, որ վերջին 5 տարում ոչ միայն բուհում, այլև ԵՊԲՀ-ի կողմից հիմանդրված հաստատություններում ստեղծվել է 700 աշխատատեղ:
Բուհի ղեկավարն ընդգծեց, որ բժշկական համալսարանում այժմ կրթություն է ստանում աշխարհի 32 երկրից ժամանած ավելի քան 2000 ուսանող:
Առաջիկա կարևոր նպատակներից է, որ յուրաքանչյուր երկրորդ ԵՊԲՀ ուսանող լինի արտերկրից: