ԵՊԲՀ ֆիզիկական դաստիարակության ամբիոնում երկարամյա դասախոսները շատ են: Նրանք իրենց կյանքի մի մասն անցկացրել են բժշկական մայր բուհում՝ կրթելով, սովորեցնելով առողջ ապրելակերպի վարումն ու դրա օգտակարությունը:
Ֆիզիկական դաստիարակության ամբիոնի դոցենտ Վաչագան Թորոսյանը ավելի քան երեք տասնամյակ աշխատում է այս ամբիոնում, սկզբում որպես լաբորանտ, դասախոս, ապա դոցենտ: Սովորել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մանկավարժական ֆակուլտետում, մասնագիտությամբ մարմնամարզիկ է, ակրոբատ: 1996 թվականից Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի անդամ է: Շուրջ 28 տարի եղել է ԵՊԲՀ սպորտային ակումբի նախագահը:
«Ավարտել եմ մարմնամարզության բաժինը, ակրոբատ, սպորտի վարպետ եմ, Հայաստանի բազմակի չեմպիոն եմ եղել՝ 1969 մինչև 1974 թվականն անընդմեջ: Սպարտակիադայի բրոնզե մեդալակիր եմ, ապա լավագույն մարզիկ: 1992 թվականին եկել եմ բժշկական համալսարան և մինչև հիմա աշխատում եմ այստեղ: Մասնակցում եմ ներբուհական մրցումներին, խաղում եմ մինի ֆուտբոլ, սեղանի թենիս: Յուրաքանչյուր կիրակի պրոֆեսիոնալների հետ մինի ֆուտբոլ եմ խաղում, վարում եմ առողջ ապրելակերպ»,-նշում է նա՝ հավելելով, որ ամեն առավոտ ժամը 6-ից կնոջ՝ Ֆիզիկական դաստիարակության ամբիոնի ավագ դասախոս Կարինե Աթաբեկյանի հետ, 10-12 կմ արագ տեպով քայում են՝ ոգևորիչ օրինակ դառնալով երիտասարդ սերնդի համար:
Ծիծաղելով նշում է, որ չի ծխել, չի ծխում ու երբեք չի ծխելու, քանի որ առողջ ապրելակերպը առողջության պահպանման հիմնական գրավականն է:
Խոսելով այն մասին, որ այժմ երիտասարդները քիչ են զբաղվում ֆիզիկական ակտիվությամբ և առողջ ապրելակերպով, դոցենտը նշում է. «Մարդն իր էությամբ շատ ծույլ էակ է, պայմաններ պետք է ստեղծել, որպեսզի պարտադիր լինի բոլորի համար մարզվելը, հետո նրանք կզգան դրա դրական կողմերը, իսկ երբ սկսեցին զգալ` արդեն ստիպել պետք չի, նրանք սիրով կզբաղվեն ֆիզիկական ակտիվությամբ»:
Դասախոս-ուսանող հարաբերությունների և իր դասերին հաճախումներին անդրադառնալով, համալսարանականը շեշտում է, որ ապագա բժիշկները իր դասերին մասնակցում են սիրով և պատրաստակամորեն:
Առողջ ապրելակերպի տարածումը, առողջության պահպանումը ամբիոնում արդի է ողջ տարի, ինչն արտացոլվում է բուհական և միջահամալսարանական մրցաշարերով, ապագա բժիշկների՝ սպորտի բնագավառում միջազգային հաջողություններով, ինչպես նաև համալսարանի աշխատակիցների համար կազմակերպվող անվճար մարզումներով: