Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հրապարակել է 2024 թվականի խոլերայի վերաբերյալ համաշխարհային վիճակագրական տվյալներ, որոնք վկայում են խոլերայի դեպքերի թվի աճի մասին, այդ թվում՝ մահվան ելքով:
Պաշտոնական հաշվառման տվյալներով՝ 2024 թվականին խոլերայով հիվանդացածների թիվը 2023 թվականի համեմատ աճել է 5%-ով, իսկ այս կանխարգելելի և բուժելի վարակից մահացածների թիվն աճել է 50%-ով ՝ հասնելով ավելի քան 6000 մահվան դեպքի։ Նման բարձր ցուցանիշներն արդեն իսկ անհանգստություն են ներշնչում, բայց ներկայացնում են խոլերայի իրական բեռի թերագնահատված գնահատականը։
Խոլերայով հիվանդացության կայուն աճին, որը հարուցվում է Vibrio cholerae բակտերիայի կողմից և արագորեն տարածվում հիվանդ մարդու արտաթորանքով աղտոտված ջրով, իրերով, սննդամթերքով, նպաստում են զինված հակամարտությունները, կլիմայի փոփոխությունը, բնակչության հարկադիր տեղաշարժը, ինչպես նաև ջրամատակարարման, սանիտարական և հիգիենայի ենթակառուցվածքների թերությունները:
2024 թվականին խոլերայի դեպքեր են գրանցվել 60 երկրում՝ 2023 թվականի 45 երկրի համեմատ: Հիվանդության հիմնական բեռը շարունակում է մնալ Աֆրիկայի, Մերձավոր Արևելքի և Ասիայի երկրների վրա, որոնց բաժին է ընկել գրանցված դեպքերի 98%-ը:
2024 թվականին շարունակվել է խոլերայի բռնկումների տարածումը. ավելի քան 10.000 դեպք է գրանցվել 12 երկրում, որոնցից յոթն առաջին անգամ բախվել է վարակի խոշոր բռնկումների հետ: Կոմորյան կղզիներում խոլերայի կրկնակի շրջանառությունը, ավելի քան 15 տարի գրանցված բռնկումների բացակայությունից հետո, վկայում է ամբողջ աշխարհում վարակի տարածման շարունակական սպառնալիքի մասին:
Աֆրիկական երկրներում խոլերայից մահացության մակարդակը 2023 թ.-ի 1,4%-ից հասել է 1,9%-ի 2024թ.-ին, ինչը ցույց է տալիս կենսական օգնության հասանելիության կարևոր բացերը, ինչպես նաև բազմաթիվ առողջապահական համակարգերի թուլությունը և հիմնական առողջապահական ծառայություններ ստանալու խոչընդոտները:
Խոլերայից մահվան դեպքերի մեկ քառորդը տեղի է ունեցել բժշկական հաստատություններից դուրս, ինչը հիմք է տալիս եզրակացնել բժշկական օգնության հասանելիության լուրջ սահմանափակումների, ինչպես նաև բնակչության հետ իրազեկման աշխատանքների անցկացման անհրաժեշտության մասին:
2024թ. սկզբին ավարտվել է Euvichol-S® նորարարական օրալ հակախոլերային պատվաստանյութի նախաորակավորումը, որից հետո այն ընդգրկվել է պատվաստանյութերի համաշխարհային պաշարներում: Դրա շնորհիվ 2025 թվականի առաջին 6 ամիսներին պատվաստանյութերի պաշարների միջին ծավալը գերազանցել է արտակարգ իրավիճակներին արձագանքելու շեմային մակարդակը (5 միլիոն դեղաչափ)։ Սակայն 2024 թվականի ընթացքում և 2025 թվականի սկզբից ի վեր պատվաստանյութի նկատմամբ պահպանվող զգալի պահանջարկի պատճառով շարունակել է գործել խոլերայի դեմ ոչ թե երկու դեղաչափ, այլ մեկ դեղաչափ պատվաստման ժամանակավոր ռեժիմը։ 2024 թվականին դիմումներ են ստացվել համաշխարհային պաշարներից 61 մլն չափաբաժին պատվաստանյութ հատկացնելու համար, և 16 երկիր ստացել է ռեկորդային ծավալի պատվաստանյութ` 40 մլն չափաբաժնի մակարդակով՝ ռեակտիվ մեկ դեղաչափով պատվաստումների արտակարգ արշավներ իրականացնելու համար։ Այնուամենայնիվ, մատակարարումների դեֆիցիտը պահպանվել է 2024 և 2025 թվականներին։
Նախնական տվյալներով՝ 2025 թվականին համաշխարհային խոլերային ճգնաժամը շարունակվում է. տարեսկզբից վարակի բռնկումներ են գրանցվել 31 երկրում։
ԱՀԿ-ն խոլերայի հետ կապված գլոբալ ռիսկը գնահատում է որպես շատ բարձր և հրատապ միջոցներ է ձեռնարկում մահացությունը նվազեցնելու և աշխարհում բռնկումները զսպելու համար: Խոլերայի դեմ պայքարելու համար կառավարությունները, դոնորները և համայնքները պետք է ապահովեն մարդկանց անվտանգ ջրի և հիգիենայի միջոցների հասանելիություն, ճշգրիտ տեղեկատվություն իրենց պաշտպանելու մասին, ինչպես նաև բռնկումների դեպքում բուժման և պատվաստումների արագ հասանելիություն: Մանրակրկիտ հսկողությունը և ախտորոշումը կնպաստեն պատասխան գործողությունների իրականացմանը: