Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Խորը գիտելիքն ամենամեծ առավելությունն է

Խորը գիտելիքն ամենամեծ առավելությունն է

ԵՊԲՀ՝ ամենաբարձր արդյունք ցուցաբերած 28 ուսանողներն արդեն երկրորդ ամիսն է՝ շարունակում են գերլարված օրակարգով բժշկական ուսուցումը: «ԳԼՕԲՈՒՍ» ծրագրի այս՝ տեսական փուլում ապագա բժիշկները տեսագրված դասախոսություններով, թեստերով և գրքերով մասնակցում են անգլալեզու դասընթացների:

Ծրագրի մասնակիցների հետ հանդիպման ընթացքում այսօր ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն անդրադառնալով «ԳԼՕԲՈՒՍ»-ի ընթացքին՝ նշեց, որ խորը գիտելիքը, որը ստանում են մասնակիցները, ամենամեծ և լրջագույն առավելությունն է:

«Մարդկության ամբողջ պատմության մեջ կան արժեքներ, որոնք չեն քննարկվում. կրթությունը, ինչպես և առողջությունը, բացարձակ արժեքներ են»,- ասաց ռեկտորը՝ հավելելով, որ գերլարված օրակարգով ուսուցում ստացող ուսանողները մատչելի ճանապարհով որակյալ կրթություն են ստանում:

Ծրագրի գլխավոր նպատակներից է ապահովել այնպիսի բժշկական կրթություն, որը մրցունակ է միջազգային դաշտում:

Յոթ ամիս տևողությամբ ծրագրի կարևոր առաքելություններից է լավագույն ուսանողների խրախուսումը, ինչպես նաև հնարավորությունը՝ անվճար հիմունքներով իրենց ուժերը փորձելու միջազգայնորեն հաստատված բժշկական թեստեր հանձնելու գործընթացում: Ըստ ուսուցանվող թեմաների՝ ուսանողները յուրաքանչյուր շաբաթ այցելում են տարբեր լաբորատորիաներ և գիտահետազոտական կենտրոններ: Ծրագիրը ոչ միայն սովորեցնում է ուսանողներին, այլև ամբիոնների հետ մշակում և անգլերենից թարգմանում է անհրաժեշտ կրթական նյութեր: «ԳԼՕԲՈՒՍ»-ը կամփոփի աշխատանքները օգոստոսին: