Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

1312 վիրահատություն ԵՊԲՀ բուժհաստատություններում` միայն հոկտեմբերին

1312 վիրահատություն ԵՊԲՀ բուժհաստատություններում` միայն հոկտեմբերին

ԵՊԲՀ համալսարանական հիվանդանոցային համալիրները շարունակում են բժշկական օգնություն և սպասարկում իրականացնել՝ ընդլայնելով եւ կատարելագործելով վիրաբուժական ծառայությունների տեսակները։ Այս անգամ ներկայացնում ենք համեմատական վերլուծություն 2021 և 2022թթ. հոկտեմբերին արված վիրահատությունների մասին։

Այսպես, նախորդ ամիս «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցում իրականացվել է 556 վիրահատություն։ Այս թիվը 87-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը՝ 469 վիրահատություն։ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում ինչպես նախորդ, այդպես էլ այս տարի կատարված վիրահատությունների քանակով առաջատարը Սրտաբանության կլինիկան է (203 վիրահատություն), որին հաջորդում են համապատասխանաբար՝ Միկրովիրաբուժության (70 վիրահատություն) և Վնասվածքաբանության կլինիկաները (65 վիրահատություն):

«Մուրացան» հիվանդանոցային համալիրում 2022թ հոկտեմբերին իրականացվել է 299 վիրահատություն։ Այս ցուցանիշը զգալիորեն գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը, 2021թ հոկտեմբերին իրականացվել է 194 վիրահատություն, այսինքն՝ 105-ով պակաս, քան այս տարի։ «Մուրացան» հիվանդանոցային համալիրում 2021 և 2022թթ. հոկտեմբերին ամենաշատ վիրահատությունները կատարվել են Մանկական դիմածնոտային վիրաբուժության և ԼՕՌ կլինիկայում (156 վիրահատություն):

Աճի դինամիկան պահպանվել է նաեւ համալսարանական մյուս հիվանդանոցում՝ «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտում։ 2022թ. հոկտեմբերին «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում իրականացվել է 457 վիրահատություն, որը 82-ով ավելի է 2021թ հոկտեմբերին արած վիրահատությունների թվից, նախորդ տարվա հոկտեմբերին իրականացվել է 375 վիրահատություն:

Ամենից շատ վիրահատությունները 2022թ. հոկտեմբեր ամսին իրականացվել են Ընդհանուր վիրաբուժության, երկրորդ տեղում՝ Ուրոլոգիայի և անդրոլոգիայի, այնուհետև Դիմածնոտային եւ ԼՕՌ կլինիկաներում:

Այսպիսով՝ միայն հոկտեմբերին համալսարանական երեք հիվանդանոցում կատարվել է 1312 վիրահատություն: Համալսարանական մասնագետները շարունակում են մեծ պատվով եւ պատասխանատվությամբ կատարել իրենց առաքելությունը՝ փրկելով կյանքեր, վերականգնելով բազմաթիվ պացիենտների առողջությունը։