Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Համալսարանական վիրաբույժները փայծաղային զարկերակի անևրիզմայի հազվադեպ հանդիպող վիրահատություն են կատարել

Համալսարանական վիրաբույժները փայծաղային զարկերակի անևրիզմայի հազվադեպ հանդիպող վիրահատություն են կատարել

ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի Վիրաբուժության կլինիկայում կատարվել է բարդ, հազվադեպ հերթական վիրահատությունը:

83 տարեկան կինը դիմել էր կլինիկա որովայնի ցավերի գանգատներով: Հետազոտման փուլում պարզվել է, որ պացիենտի մոտ առկա է փայծաղային զարկերակի անևրիզմա:

Համակարգչային շերտագրություն կատարելիս պարզվել է, որ նշված անևրիզման այդ տեղակայման համար բավականին մեծ չափի է՝ մոտ 5 սմ տրամագծով:

«Միևնույն ժամանակ հետազոտության ընթացքում պարզվեց, որ անևրիզման նաև պատռված է, այսինքն պատերից մեկի ամբողջականությունը խախտված էր և նրանում գտնվող արյունը դուրս էր գալիս որովայնի խոռոչ: Բնականաբար, որոշում է կայացվում շտապ վիրահատել հիվանդին»,- նշում է Վիրաբուժության կլինիկայի բժիշկ, Վիրաբուժության թիվ 4 ամբիոնի դասախոս Արամ Միրիջանյանը:

Թիմային աշխատանքի արդյունքում վիրաբույժներ Արամ Միրիջանյանը և Կարեն Գրիգորյանը կատարում են կլինիկական պրակտիկայում հազվադեպ հանդիպող վիրահատական միջամտություն: Անեսթեզիոլոգիան իրականացրել է Գուրգեն Մելքումյանը, համակարգչային շերտագրությունը՝ Լուիզա Պողոսյանը:

«Բացելով որովայնի խոռոչը՝ առաջին հերթին հեռացվեց անևրիզման, դադարեցնելով արյունահոսությունը:  Երկրորդ քայլով՝ հեռացվեց փայծախը: Այնուհետև կատարվեց որովայնի խոռոչից արյան հեռացում և դրենավորում»,- մանրամասնում է բժիշկը՝ հավելելով, որ վիրահատությունը տևել է երկու ժամ: 

Հետվիրահատական շրջանն անցնում է հարթ, հիվանդը պատրաստվում է դուրսգրման:

Համալսարանական կլինիկայում կատարված միջամտության բացառիկությունն այն է, որ փայծաղային զարկերակի անևրիզմաներ հազվադեպ են հանդիպում, առավել հազվադեպ է հանդիպում նաև անևրիզմայի պատռում, որն առկա էր տվյալ պացիենտի մոտ:

Երիտասարդ վիրաբույժը հասցրել է ուսումնասիրել այս թեմայի գրականությունը և փաստում է, որ փայծաղային զարկերակի անևրիզման ավելի հաճախ ախտորոշվում է կանանց, քան տղամարդկանց մոտ: Կանանց շրջանում այն դրսևորվում է հղիության ընթացքում կամ հղիությունից հետո: Անևրիզմաների առանձնահատկություններց մեկն այն է, որ դրանք կարող են երկար ժամանակ ընթանալ ասիմպտոմ, որևէ կերպ չարտահայտվել կլինիկորեն, բայց ժամանակի ընթացքում պատռվում են՝ վտանգ ներկայացնելով առողջությանը և կյանքին:

Մասնագետը հիշեցնում է, որ ժամանակին հետազոտվելը, հիվանդությունը վաղ հայտնաբերելը, ինչպես շատ այլ, այնպես էլ այս դեպքում առավել քան կարևոր է:

Ինչպես աշխարհի առաջատար վիրաբուժական կենտրոններում, այնպես էլ համալսարանական կլինիկայում շատ քիչ թիվ են կազմում նման դեպքերը:

Առաջիկայում համալսարանականները պատրաստվում են գիտական հոդված պատրաստել կատարած միջամտության թեմայի շուրջ: